«ՄԻ ՏԵՍԱԿ ՍՊԱՌՈՒՄ ԵՍ ՔԵԶ, ԼՃԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ վաղուց է երգարվեստի բնագավառում, սակայն նրան ճանաչում բերեց «Շնորհավոր» դուետը Արմոյի հետ: Գեւորգը սովորել է երաժշտական դպրոցում՝ ջութակի բաժնում, ապա ուսանել եւ աշխատել է  Երգի պետական թատրոնում: 2010 թվականից զբաղվում է անհատական կարիերայով:
-Ճի՞շտ է, որ Արթուր Գրիգորյանն իր սաներին առաջ է տանում, բարեխոսում նրանց համար:
-Չէ՛, չէ՛, նման բան չկա, դե կոնկրետ իմ դեպքում նման բան չի եղել: Ես նախընտրել եմ ոչ մեկին չդիմել, ինքս իմ ուժերով ինչ-որ բան անել:
-Որքանո՞վ է հեշտ ինքնուրույն առաջ գնալ, շուկան շատ մեծ չէ, դռներն էլ միշտ չէ, որ բաց են:
-Ես 2003 թվականից երգարվեստի մեջ եմ, եթե դռները բաց լինեին, այն ժամանակ ի հայտ կգայի, ոչ թե հիմա: Դժվարությունները շատ են, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի:
-Լսել եմ, որ Դուք եւ Արմոն «Շնորհավոր» երգը կորպորատիվ միջոցառումներին կատարելու համար 1000-ական դոլար եք պահանջում:
-Ո՞վ է ասում նման բան: Մի քիչ սխալ է այդ ամեն ինչը, դա շատ հարաբերական է, չես կարող ասել՝ ոնց կլինի: Գնային ճկուն համակարգ է: Նույնիսկ եղել է, երբ այդ երգը նվիրել ենք մեր կողմից` բոլորովին անվճար:
-Դուք մասնակցել եք նաեւ «Հայաստանի ձայն»-ի առաջին եթերաշրջանին, ի՞նչ տվեց այդ նախագիծը Ձեզ:
-Շատ բան: Նման նախագծերը, այսպես ասած, «ռասկրուտկա» են, մենք 6 ամիս անընդմեջ էկրանին էինք, ու դա կարող է լավ ճանաչում բերել մարդուն, այն, ինչի համար որ ես գնացել էի:
-Հիմա ո՞ր ոճում եք հաճախ հանդես գալիս:
-Ես մատուցում եմ հայկական փոփ երաժշտություն, ինքս էլ գրում եմ երգեր, բայց երեւի թե հիմա դրանց ժամանակը դեռ չի եկել:
-Շուկայի պահանջարկը հաշվի՞ եք առնում:
-Եթե դու այս ամենի մեջ ես, ու դա քո ապրուստի միջոցն է, պետք է հաշվի առնել, ուզես թե չուզես, հակառակ դեպքում կնստես տանն ու այնտեղ քո համար կերգես:
-Եթե վաղը այդ նույն շուկան Ձեզանից ռաբիս պահանջի, կկատարե՞ք:
-Ախր այդ ռաբիս բառը մի քիչ շատ է շահարկվում: Կամ 6/8 չափը, որ ընդհանրապես կապ չունի ռաբիսի հետ, կապում են: Նույն մեծն Սթիվի Ուոնդերը շատ երգեր ունի 6/8 չափի մեջ, նաեւ այլ համաշխարհային աստղեր, բա ինչո՞ւ նրանց դեպքում չեն ասում` ռաբիս է երգում: Հետո մի բան էլ ասեմ` ռաբիս երգելը շատ դժվար բան է, ինքս էլ չգիտեմ՝ ինձ մոտ դա կստացվի, թե ոչ:
-Համաձա՞յն եք այն մտքին, որ Հայաստանում առանց ծանոթ-բարեկամի, ինչպես նաեւ առանց ֆինանսական միջոցների առաջ գնալ չես կարող:
-Իհարկե չես կարող կամ էլ պետք է չգիտեմ ինչ երեւույթ ու տաղանդ լինես, որ քեզ ընդունեն: Կամ էլ Ձեր ասած տարբերակը` ծանոթություն, ընկերություն, փող…
-Ամենօրյա աշխատանք ունե՞ք:
-Այո՛, ակումբներում եմ աշխատում:
-Հաճույքո՞վ եք գնում աշխատանքի:
-Ավելի մեծ հաճույքով կգնայի, եթե դա ոչ ամեն օր լիներ: Երբ ամեն օր նույն վիճակի մեջ ես, դու ֆիզիկապես հոգնում ես, մի տեսակ սպառում ես քեզ, լճանում:
-Իսկ ի՞նչ պետք է անել լճացումից խուսափելու համար:
-Թող մեր երկրում հայերի վիճակն այնքան լավ լինի, եւ մենք կարողանանք միայն կորպորատիվ միջոցառումներով վաստակել այնքան, որ ամենօրյա այդ աշխատանքի կարիքն էլ չունենանք:
-Գոհանո՞ւմ եք այն ամենով, ինչ ունեք:
-Աստծուն փառք: Մի լավ խոսք կա` քչից չկշտացողը շատից էլ չի կշտանա:
-Անձնականի մասին ի՞նչ կասեք:
-Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա: Աղջիկս 6 տարեկան է, իսկ տղաս՝ մեկ տարեկան երեք ամսական:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս