ԻՐԵՆ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՍԵԼ
Թե որքանով են իրական լուրերն այն մասին, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին ուզում են հեռացնել պաշտոնից, պարզեցինք հենց իրենից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարոն Ծատուրյանն ասաց. «Ինձ օֆիցիալ ոչ մեկը չի ասել, որ ես պետք է դիմում գրեմ կամ գնամ, ես կայքերն եմ նայում, թերթերից եմ իմանում, որ նման բաներ են: Ինչ կա, կողքից եմ իմանում: Ես նույնիսկ չգիտեմ՝ ով է տարածել այս տեղեկությունները, գուցե մինիստրությո՞ւնը…»: Իսկ հարցին, թե ինչու չի փորձել մշակույթի նախարարից պարզել իրականությունը, պարոն Ծատուրյանը նկատեց, որ ինքը նախարարին չի հանդիպել, որ նա էլ որեւէ բան ասի իրեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում Ծատուրյանն արտահայտել է համարձակ մտքեր ու քննադատություններ` հասցեագրված հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարությանը: Իսկ երբ Ծատուրյանին հասել են լուրերը, թե իրեն ուզում են հեռացնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, ռեժիսորն ասել է, որ ոչ մի դեպքում դիմում չի գրի. «Մենք հո հավի ձա՞գ չենք, որ մեր վզերը բռնեն ու պոկեն»:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը Չինաստանում անցկացվող «Միսս Բիկինի-տիեզերք 2013» մրցույթում Հայաստանը նույնպես ուներ ներկայացուցիչ՝ մոդել Անի Յորգանջյանը (Անի Լոկը), որը հեղինակավոր այս մրցույթից հայրենիք է վերադարձել թագով եւ «Miss Personality» տիտղոսով: Անին Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել World League of Beauty and Fashion-ի հիմնադիր Աշոտ Խաչատրյանի կազմակերպած նախընտրական փուլում հաղթելուց հետո:
ՍՊԱՍՎՈՒՄ Է
Նոյեմբերի 1-5-ը Երեւանում եւ 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը ՀՀ նախագահի, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 113 ֆիլմ 34 երկրներից: