Չնայած գործադրվող ջանքերին՝ Փակ շուկայի թեման որեւէ կերպ «չի փակվում»: «Նախախորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ից սկսած՝ դեղին գլխարկներով (աջ նկարում) բողոքի ամենօրյա երթ է անցկացվում դեպի շուկա՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից պահանջելով քանդել եւ հին տեսքին բերել հուշարձանը: Ալեքսանյանի կողմնակիցներն էլ իրենց հերթին են կարմիր գլխարկներով (ձախ նկարում) ակցիաներ անում՝ փորձելով «հուշարձանն ազատագրել գրանտակերներից»: Արդյունքում տուժում են հարակից շենքերի բնակիչները, որոնք ստիպված են ամենօրյա բախումների աղմուկի մեջ ապրել: Մաշտոցի 5-ի բնակիչ Ալեքսան Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Թեեւ ես էլ ընկերներ ունեմ շուկայից բողոքող մարդկանց շարքերում, բայց, միեւնույն է, անհասկանալի է իրենց դիրքորոշումը: Հիմա ի՞նչ, աղմուկով պահանջում են այս գեղեցիկ շուկան քանդել եւ հի՞նը վերադարձնել: Ճարտարապետական տեսքը բնավ չի փոխվել»: Իսկ Պարոնյան 4 ա-ի բնակիչ Մելանյա Մարգարյանն էլ դժգոհեց՝ նշելով. «Ես ամաչում էի, թե ինչպես էին տուրիստներին բերում այստեղ ու հրամցնում այն մրգերը, որոնց վրայով քիչ առաջ առնետներ էին վազվզել: Իսկ հիմա մարդը սիրուն սարքել է, թողե՛ք հանգիստ ապրենք, հերիք է աղմկեք»: Ռուզաննա Հակոբյանն էլ բողոքեց, թե իր թոռնիկները չեն կարողանում քնել. «Էս երկրում էլ ուրիշ դարդ ու պրոբլեմ չկա՞, թող գնան, պայքարեն, զզվեցինք»: Ինչպե՞ս են այս դժգոհություններին վերաբերում հուշարձանն ազատագրողները: «Ժողովուրդ»-ը զրուցեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ, որն ասաց. «Ես ինքս թոռնիկներ ունեմ եւ կարող եմ ասել, որ ժամը 4-5-ին երեխա չեն քնեցնում (այդ ժամերին են մեր ակցիաները): Բայց եթե խանգարել ենք, կանխավ ներողություն եմ խնդրում»:
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԹՈՂԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ