ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՎԱՏՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ
ԱԺ քառօրյան երեկ մեկնարկեց բավական թեժ մթնոլորտում. ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը երեկ «պատին էին սեղմել» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Իսկ պատճառը վերջերս Սյունիքի մարզում Փոստանջյանի ու ռուս սահմանապահների միջեւ տեղի ունեցած միջադեպն էր: Փաշինյանն Աբրահամյանին հարցրեց, թե որպես խորհրդարանի ղեկավար՝ արդյոք հետաքրքրվել է, թե ինչ հիմունքներով էին ռուսական զորքերը ՀՀ-ում՝ ճանապարհների վրա, ստուգումներ անցկացնում՝ առանց ՀՀ իրավապահների մասնակցության: ԱԺ նախագահն էլ պատասխանեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի ղեկավարից ստացել է պատասխան նամակ իր հարցմանը, որում, մասնավորապես, ասված է, որ իրականում նրանք հայաստանյան իրավապահների հետ միասին են անցկացրել այդ ստուգումները, եւ ինքը հավատում է ռուս սահմանապահների ուղարկած գրությանը, որ չի հավատում տիկին Փոստանջյանի հայտարարություններին, քանի որ նա, ԱԺ նախագահի խոսքով ասած, սովոր է զրպարտել, իրականությանը չհամապատասխանող բաներ ասել: Ն. Փաշինյանն էլ հակադարձեց՝ առաջարկելով ծառայողական քննություն սկսել՝ հասկանալու համար, թե ում հավատալ, նաեւ հույս հայտնեց, որ դահլիճում ներկա իրավապահները՝ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, սա կընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ հետաքննություն կանցկացնեն այդ օրվա միջադեպի հետ կապված: ԱԺ ընդմիջմանը «Ժողովուրդ»-ն Օսիկյանին հարցրեց՝ արդյոք ոստիկանությունը պատրաստվում է ՀՀ ԱԺ պատգամավորի կոչի հիման վրա հետաքննություն անցկացնել: «Չեմ լսել նրա ասածները, չեմ կարող մեկնաբանել»,-ասաց ԱԺ դահլիճից դուրս եկած փոխոստիկանապետն ու պատճառաբանելով զբաղվածությունը՝ արագ հեռացավ:
    
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, որը երեկ մասնակցել է «Պայքար Եվրոպայում ռասսիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովին: Ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում` Ս. Սարգսյանը կարեւորել է խորհրդաժողովի անցկացումը Երեւանում:

558 ՀՈԳԻ ՀԱՄԱՆԵՐՎԵԼ Է
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից երեկվա դրությամբ ազատ է արձակվել 558 դատապարտյալ. «Էրեբունի» ՔԿՀ՝ 170, «Կոշ» ՔԿՀ՝ 108, «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 63, «Վարդաշեն» ՔԿՀ՝ 47, «Արթիկ» ՔԿՀ՝ 33, «Սեւան» ՔԿՀ՝ 50, «Աբովյան» ՔԿՀ՝ 17, «Վանաձոր» ՔԿՀ՝ 14, «Հրազդան» ՔԿՀ՝ 23, «Գորիս» ՔԿՀ՝ 12, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ 20, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ 1 հոգի:

ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉԿԱ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀՀ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում երկրի նախագահի պաշտոնի համար սահմանված տասնամյա բնակության եւ քաղաքացիության ցենզի վերանայումը կատարվում է հատուկ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի համար, «Առավոտ»-ին ասել է. «Գործընթացն ուղղակիորեն որեւէ անձի հետ շաղկապված չէ: Տասը տարվա մշտական բնակության պահանջը մեր սահմանադրական նորմն է, եւ հաշվի առնելով Եվրոպայի վերջին զարգացումները, երբ մենք քննարկում էինք 2011-ին մեր ընտրական օրենսգիրքը, թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առաջարկել էին մեզ անդրադառնալ այդ հարցին, ինչին ի պատասխան նշել էինք, որ խնդիրը վերաբերում է սահմանադրական նորմին, եւ հարցին անդրադարձ կկատարենք: Չնայած Եվրոպան այդ պահանջը «ծայրահեղ կոշտ» է համարում, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք անպայմանորեն ընդունելու ենք այդ առաջարկությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազում եվրոպական երկրներում էլ կան նման կոշտ պահանջներ»: Հիշեցնենք՝ ավելի վաղ պարոն Հարությունյանը գրեթե նույն պատասխանն էր տվել «Ժողովուրդ»-ին, իսկ «Ռեգնում»-ի հետ զրույցում էլ տասնամյա ցենզի վերանայումն Արմեն Սարգսյանի հետ կապելը որակել էր «խրոնիկ բթամտություն»:




Լրահոս