ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԱԿԱՆ 3 ԹԵԿՆԱԾՈՒ
Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի 5 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջեւանի շրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝ Աչաջրում, տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ մարզի Բերդավան, Ջուջեւան, Այգեհովիտ եւ Ենոքավան գյուղերում՝ ավագանու ընտրություններ: Արդեն ավարտվել է թեկնածուների գրանցումը:  Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ գրանցվել է Աչաջուր համայնքի ղեկավարի 3 թեկնածու՝ 3-ն էլ ՀՀԿ անդամ, 3-ն էլ ինքնաառաջադրմամբ: Համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել գործող գյուղապետ Համո Գեւորգյանը, 1990-ականների երկրորդ կեսին Աչաջրի գյուղապետ աշխատած, հետո ազատազրկված Տաթեւ Գասպարյանը եւ Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայր Կամո Ղալթախչյանը: Նշենք, որ 2103թ. սեպտեմբերի 22-ի առավոտյան Աչաջրում պայթյունից վնասվել էր Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձած Կամո Ղալթախչյանի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան: Կ. Ղալթախչյանը  պատահարից չէր տուժել, սակայն հանցագործությունը մինչեւ հիմա բացահայտված չէ:  Ուստի, ըստ ամենայնի, Աչաջրում նախընտրական թեժ պայքար է սպասվում: Իսկ Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում ավագանու 9 տեղի համար առաջադրվել եւ գրանցվել է 12 թեկնածու, նույն շրջանի Ջուջեւան գյուղում ավագանու 5 տեղի համար՝ 6 թեկնածու, Իջեւանի շրջանի Այգեհովիտ գյուղում 9 տեղի համար՝ 11 թեկնածու,  Ենոքավան գյուղում 5 տեղի համար՝ 9 թեկնածու: Թիվ 40 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ ավագանու թեկնածուների մեծ մասն անկուսակցական է, որոնց քանակով հաջորդում են ՀՀԿ-ական, ապա ՀՅԴ, ՕԵԿ եւ ԲՀԿ անդամ թեկնածուները:

ՀԱՐՎԱԾԵԼ Է «ՍՕՍ» ՄՈՐԸ
Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Արտակ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2013թ. հունիսի 27-ին՝ ժամը 09-ի սահմաններում, Իջեւան քաղաքում գտնվող «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի մասնաճյուղում իր երեխաներին տեսակցելու հարցի շուրջ լուրջ վիճաբանության մեջ է մտել «ՍՕՍ» մայր Նարինե Ավետիսյանի հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ Ն. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել է Ն. Ավետիսյանի մեջքին: Բացի այդ՝ Ա. Ավագյանը 2013թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի  մասնաճյուղում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 3-րդ մասի 2-րդ կետով (խուլիգանություն): Նախկինում դատված Ա. Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս