ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում նշվեց գյուղատնտեսության բնագավառի մասնագետների՝ ֆերմերների, գիտնականների ու գործարարների տոնը:
Միջոցառման սկզբում գյուղնախարար Սերգո Կարապետյանը զեկուցեց անցած ամիսների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերած հաջողությունների մասին, ապա տոնի առթիվ շնորհավորեց հայ գյուղատնտեսին` ցանկանալով բարենպաստ եղանակ՝ առանց կարկուտի ու երաշտի:
«Հայագրոֆորում»-ին ներկա էին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Մյուս մարզերի ղեկավարները բացակայում էին: Նշենք, որ նրանք պարգեւատրվողների ցանկում չէին եւ հավանաբար հենց այդ պատճառով էլ հարկ չէին համարել ներկա գտնվել միջոցառմանը: Ներկա մարզպետերից ոսկե մեդալով պարգեւատրվեցին Կովալենկո Շահգալդյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Սարգիս Սահակյանը: Իսկ ահա Աշոտ Ղահրամանյանը տոնակատարությունից հեռացավ ձեռնունայն: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք չի նեղացել, մարզպետը ժպտաց եւ պատասխանեց. «Չէ՛, չեմ նեղացել: Ես անցյալ տարի ստացել եմ»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար գյուղատնտեսության ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Իսկ թե որտեղ է նա հիմա, բոլորս գիտենք: Միգուցե գյուղնախարարի  պարգեւատրած ոսկե մեդալները «հրաժեշտի» մեդալնե՞ր են, քանի որ հիմա էլ խոսակցություններ են պտտվում Կ. Շահգալդյանի մոտալուտ հրաժարականի մասին:
Միջոցառման շրջանակներում գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրեց նաեւ մարզպետարանների աշխատակիցների, մի քանի գյուղապետերի, հայ ֆերմերների եւ լրագրողների: Ուշագրավ է, որ միջոցառմանը ներկա չէր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Սա, թերեւս, եւս մեկ փաստարկ է հօգուտ այն խոսակցությունների, որ գյուղնախարարն ու ծառայության պետը հակասություններ ունեն:
Ի դեպ, «Հայագրոֆորում»-ին հրավիրված Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը բոցաշունչ մի ելույթ ունեցավ, որից հետո գյուղնախարարի կողմից պարգեւատրվեց ոսկե մեդալով եւ շնորհակալագրով: Սակայն այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է արել Խ. Հարությունյանը գյուղատնտեսության կամ գյուղացու համար: Առհասարակ, ոսկե մեդալ եւ շնորհակալագիր ստացան այն մարդիկ, որոնք գյուղատնտեսության ոլորտում, մեղմ ասած, արդյունավետ աշխատանքով աչքի չեն ընկել:
Իսկ միջոցառմանը մասնակցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ «Ֆերմերների ազգային միավորման» նախագահ Ռոզա Ծառուկյանը, վրդովված էր: Նա հայտարարեց, որ այս տարվա նոյեմբերին կայանալիք «Ֆերմերների ազգային միավորման» համագումարում   պատրաստվում է հրաժարական տալ: «Ես 1998թ.-ից ֆերմերների միության նախագահն եմ, իսկ հիմնադիրն են եղել մեր արժանահիշատակ Վանիկ Սողոմոնյանը եւ Լյուդա Հովհաննիսյանը: Մեր միությունն ունի 25 խելամիտ գիտնականներ, սակայն այսօր բազմաթիվ ֆերմերներ պարգեւատրվեցին, որոնց մասին ես առաջին անգամ լսեցի: Ինչո՞ւ: Ես ունեմ հնչեղ ազգանուն եւ ուզում եմ դուրս գալ միության նախագահի պաշտոնից: Կգա մեկը, որին իրենք կսիրեն, կհարգեն եւ նման հարցերը ոչ թե ինքնուրույն կորոշեն, այլ միասին կքննարկեն: Չէ՞ որ պետք է նախապես քննարկվեր, թե ում էին տալու այդ շնորհակալագրերը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված ներկայացրեց տիկին Ռոզան:
Գյուղնախարարից վիրավորված տիկին Ռոզան նշեց, որ վարչապետին նախօրոք է խնդրել, որպեսզի համագումար կազմակերպվի, եւ ինքը կարողանա հանգիստ հրաժարական տալ. «Ես այսօր գյուղնախարարի շարքում էի նստած: Ապշեցի, որովհետեւ անցյալ տարի նստել էի ամենավերջին շարքում, եւ ես չմասնակցեցի միջոցառմանը: Ես ուղղակի իմ տարիքի հետ համատեղ չարանում եմ, որ 52 թվից աշխատում եմ, որի ընթացքում 18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ-որ տեղ երեւամ, ինչո՞ւ՝ չգիտեմ այ էդ ինչուն…»:
Ռոզա Ծառուկյանը նաեւ հիասթափված նկատեց, որ իր որդուն` Գագիկ Ծառուկյանին,  կարկտահարված Արմավիրի մարզին օգնելու համար նույնիսկ վկայական չտվեցին. «Բայց ինչո՞ւ մի հատ վկայական չտվեցին, չէ՞ որ 200 մլն դրամով օգնեց կարկտահարված մարզին: Ո՞ւմ մայրը լինի, չի վիրավորվի»:
Նշենք, որ գյուղնախարարության ոսկե մեդալով եւ շնորհակալագրով չեն պարգեւատրվել նաեւ մայիսի 12-ին կարկտահարված Արմավիրի մարզի համայնքներին օգնելու նպատակով ստեղծված հիմնադրամի նախաձեռնող  ԱԺ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, 20 միլիոն դրամ հատկացրած ՀՀ ոստիկանությունը,  ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը, որը 80 մլն դրամ էր  հատկացրել:
Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության հիմննախնդիրների լավագույն լուսաբանման եւ ՀՀ ԳՆ ոլորտի զարգացմանը նպաստող արդյունավետ համագործակցության համար գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ մի քանի լրագրողներ: Նրանց թվում էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս