ՀԱՐՑ. Ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին մեկնաբանում թուղթուգրի գոյությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հնում շատ տարածված են եղել մոգության զանազան դրսեւորումներ՝ հմայական ծեսեր, անեծքի զանազան ձեւեր, թուղթուգիր անել, աչքով տալ կամ չարակնություն, քարերի միջոցով գուշակություններ անել, նետ դնել, մոմ թափել եւ այլն: Սրանք բավական կենսունակ դարձան եւ այսօր մեզանում շատ են տարածված: Դրանց նպաստում են նաեւ ամենօրյա մամուլն ու գործող հեռուստաալիքները՝ խաղաքարտեր, գուշակություններ ու մոգություն, աստղագուշակություններ գովազդելով: Այս բոլոր երեւույթների քարոզչությունն ու գովազդումը խաղ է կրակի հետ եւ նշանակում է նվիրվել մութ աշխարհի ուժերին, որը, բնականաբար, դատապարտելի է:
Քրիստոնեական եկեղեցին միանշանակ դատապարտում է մոգության բոլոր դրսեւորումները՝ որակելով դրանք որպես անհնազանդություն սուրբգրային վարդապետությանը. «Վհուկներին մի՛ հետեւեք եւ ոգեհմաներին մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք»: Սա կոչ է բոլոր նրանց, ովքեր այցելում են զանազան գուշակությունների սրահներ, մասնակցում նման բազում միջոցառումների:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բացի կրոնական տարբեր տեսակի աղանդներից՝ մեզանում լայն տարածում են գտել նաեւ մոգություններն ու գուշակությունները: Եվ, ցավոք, մեր հասարակությունը տեղ է տալիս նման անիմաստ երեւույթներին: Չնայած կարծում ենք, որ եկեղեցին էլ իր հերթին պետք է համապատասխան վերահսկողություն ցուցաբերի դրանց տարածումը կանխելու համար: