ՎԻԼՆՅՈՒՍԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին քիչ ժամանակ է մնացել, սակայն այդպես էլ հստակ չէ` ի վերջո Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելու է որեւէ փաստաթուղթ, թե ոչ: Ուշագրավ է, որ մինչ օրս այս հարցի շուրջ միասնական եւ վերջնական տեսակետ չի ներկայացվել հենց նույն եվրոպացիների կողմից: Եղել են շատ կոշտ, կոշտ, եւ կիսակոշտ գնահատականներ, որոնք, սակայն, որպես ԵՄ վերջնական տեսակետ` այդպես էլ հստակ չեն ձեւակերպվել: Իհարկե Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի թեման անվերադարձ փակված է, սակայն դեռեւս օրակարգում է մնում Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, որից, ինչպես հայտնի է, Հայաստանը չի հրաժարվում: Եվ հիմա խնդիրն այն է, թե որքանով կկարողանա Եվրոպան հաղթահարել իր վիրավորվածությունը եւ վերակազմակերպել իր մարտավարությունը: Շատերի կարծիքով` Հայաստանն այլեւս որեւէ բանով չի հետաքրքրում Եվրոպային, եւ մենք բաց թողեցինք մեր պատմական հնարավորությունը: Վերջինը, թերեւս ճիշտ է, սակայն առաջին պնդումը խիստ վիճելի է: Եվ քանի որ մինչ օրս Եվրամիությունը պաշտոնապես չի հայտարարում, թե Հայաստանի հետ համագործակցության բոլոր հնարավորությունները կորսված են, կարելի է ենթադրել, որ Հայաստանը, այդուամենայնիվ, շարունակում է մնալ ԵՄ շահերի տիրույթում:
Այն, որ խաղը դեռ վերջնականապես ավարտված չէ, փաստում է նաեւ նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, թե` Հայաստանի` ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հարց լուծված է, ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ Հայաստանը ծրագրում է մտնել Մաքսային միություն, եւ Եվրամիության հետ փաստաթուղթ չի ստորագրվելու: Մինչդեռ նկատենք, որ Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ չստորագրելու մասին որեւէ հայտարարություն չի արել, ավելին` նա ասել է ճիշտ հակառակը` Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում նշելով, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել Վիլնյուսի գագաթնաժողովին եւ ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Հետեւաբար, Բորդյուժայի այս հայտարարության մեջ իրավիճակի` ցանկալի սրբագրումներ կատարելու մղումը նկատելի է: Իսկ դա նշանակում է, որ խաղը շարունակվում է: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանն արդեն իսկ ԵՄ-ից ստացել է Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր, եւ երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան հարեւանության ծրագրի գլխավոր բանագնաց Գունար Վիգանդի արած հայտարարությունները հուշում են, որ եթե անգամ Վիլնյուսում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ որեւէ փաստաթուղթ չստորագրվի, դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվի Վիլնյուսից հետո:
Հ.Գ. Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո Եվրամիությունը որոշել է վերսկսել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:




Լրահոս