ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՆՑ ԿՐՈՆԻ
Բուդդիստների առաջնորդ Դալայ Լաման ողջ հավատացյալ աշխարհը ցնցող հայտարարություն է արել` առաջարկելով այսուհետ ձերբազատվել «կրոն» հասկացությունից. «Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի: Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ` հոգեւոր եւ էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:

ՌԱՀՀԿ-Ն ԿՓԱԿՎԻ
Առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, ըստ ամենայնի, կփակվի: Կենտրոնի փորձագետներն արդեն իսկ լքել են այն, մնացել է միայն ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը: Նա «Առաջին լրատվական»-ին ասել է, թե կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ
Նոյեմբերի 21-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին` Պլասիդո Դոմինգո Կրտսերը: Համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ՀՀ իշխանական էլիտայի ներկայացուցիչները եւ մանավանդ նրանց տիկնայք կմասնակցեն համերգին:

ՀԱՎԱՏՈՒՄ Է
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ՀՀ երեք նախագահների գրասենյակներից ստացել է իր նամակի պատասխանը, որը, նրա հավաստմամբ, լիովին բավարար է գործընթացի շարունակության ակնկալիքներ ունենալու համար: «Հավատում եմ, որ հանդիպում կլինի, կարող է՝ շատ երկար ձգվի: Երեքի ուժեղ ու թույլ կողմերն էլ գիտեմ, գիտեմ՝ ինչի են ընդունակ: Եկե՛ք համբերենք, կարեւորը՝ բոլորի մոտ էլ դրական տրամադրվածություն կա»,-ասել է Իսագուլյանը:

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Երեկ հանկարծահաս հիվանդությունից Գերմանիայում մահացել է ճանաչված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը: Վերջին օրերին նրա բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել, մտադրություն կար նաեւ բարեգործական համերգ անցկացնել: Գենոֆիա Մարտիրոսյանը եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ հեղինակել է «Առավոտ» թերթի առաջնորդողները, իսկ 2003-ից՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է անվանի լրագրողի հարազատներին եւ գործընկերներին:




Լրահոս