ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բնակվում եմ բարձրահարկ շենքում: Մեր շենքերը երեք հատ են, որոնք կցված են իրար: Կա 2 մուտք եւ 2 վերելակ: Վերելակներից մեկն ընդհանրապես չի աշխատում, իսկ մյուսը շատ վատ է աշխատում, գրեթե ամեն օր խափանվում է: Այդ երեք շենքերի բնակիչները օգտվում են մեկ վերելակից, հետեւաբար այն շատ ուշ-ուշ է աշխատում: Մոտ 20 րոպե հարկավոր է սպասել, մինչ վերելակի հայտնվելը: Խնդրում եմ ասել, թե մինչեւ երբ ենք հանդուրժելու այս վիճակը:

Տիգրան Մեծի պողոտայի 53 շենքի մի խումբ բնակիչներ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տիգրան Մեծի 53 շենքի վերելակին առնչվող հարցի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այն սարքին է եւ նորմալ շահագործվում է: Երբեմն առաջացող թերությունները հնարավորինս կարճ ժամկետում վերացվում են: Ինչ վերաբերում է մյուս՝ չաշխատող վերելակին, ապա այն թալանվել է մոտ 15 տարի առաջ եւ ենթակա է հիմնանորոգման: Համատիրության կողմից համապատասխան վճարումներ կատարելու դեպքում թերությունները կվերացվեն, ու վերելակը կշահագործվի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես միշտ, քաղաքապետարանն ուղարկում է «արդար եւ մաքուր» պատասխաններ: Այսինքն՝ նորմալ է, երբ բնակիչները 20 րոպե սպասում են վերելակի հայտնվելուն: Նրանց հավաստմամբ՝ նույնիսկ հաճախ աշխատող վերելակի մեջ լույս չի լինում: Մինչդեռ տարեկան առնվազն մեկ անգամ վերելակները ստուգվում են, եւ փաստորեն, ներկայացվում են ոչ ճշգրիտ փորձագիտական եզրակացություններ, ինչի համար, հիշեցնենք, սահմանված է 500 հազար դրամ տուգանք ու նույնիսկ քրեական պատիժ: Ինչ վերաբերում է մյուս` չաշխատող վերելակի հետ կապված քաղաքապետարանի պատասխանին, ապա այն ուղղակի աբսուրդ է: Եթե 15 տարի առաջ վերելակը թալանվել է, մի՞թե այդքան տարիների ընթացքում վերելակի համար հավաքված գումարները համատիրությունը չէր կարող հատկացնել դրա հիմնանորոգման համար: Կարելի է կարծել, որ համատիրությունն էլ է զբաղվում «ատկատներով»:




Լրահոս