Օրերս մեզ դիմած քաղաքացիների բողոքների հետքերով գնալով` արձանագրել եւ ներկայացրել էինք Երեւանի մի քանի պոլիկլինիկաների անմխիթար հիվանդասենյակներն ու բուժսպասարկման թերությունները: Փաստերի հիման վրա կառուցված մեր հրապարակումը, սակայն, հարուցել էր ՀՀ առողջապահության նախարարության լրատվության վարչության վրդովմունքը: Մասնավորապես ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին հուզել էր այն, որ հրապարակման վերնագրում հիշատակել էինք մեր երկրի առողջապահության համակարգի պատասխանատու նախարար Դերենիկ Դումանյանին:
Թեեւ մայրաքաղաքի պոլիկլինիկաները Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո են, այդուհանդերձ, որպես հանրապետության բուժհաստատությունների (մայրաքաղաքային կամ մարզային) ընդհանուր պատասխանատու՝ դիտարկվում է առողջապահության նախարարությունը, առավել եւս` բուժսպասարկման որակի հետ կապված հարցերում: Ինչեւէ. ԱՆ լրատվության վարչությունում ողջ պատասխանատվությունը բարդեցին Երեւանի քաղաքապետարանի վրա` ընդգծելով, որ պոլիկլինիկաների վերահսկողությունը հենց այդ կառույցն է իրականացնում:
Հարցի շուրջ դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գեւորգյանին: Նա խոստովանեց, որ իրենք սովոր են նման վերաբերմունքի, երբ ամեն ինչ բարդվում է քաղաքապետարանի վրա: Այնուամենայնիվ, ընդգծեց, որ պոլիկլինիկաների խնդիրները քաղաքապետի ուշադրության կենտրոնում են, պարզապես գոյություն ունեն տարիների ընթացքում կուտակված հարցեր, որոնց լուծման համար ժամանակ է անհրաժեշտ. «Քաղաքապետարանը տրամադրում է միջոցներ բարեկարգման խնդիրները լուծելու համար, ու շուտով հերթը կհասնի նաեւ նշյալ պոլիկլինիկաներին»,-վստահեցրեց նա:
Վերադառնալով մեր կողմից ներկայացված Երեւանի թիվ 19 եւ 2 պոլիկլինիկաներում տիրող ոչ բարվոք վիճակին եւ առողջապահության նախարարության վրդովմունքին առ այն, որ ԱՆ-ն կապ չունի պոլիկլինիկաների գործունեության հետ, ավելորդ չենք համարում հիշեցնել, թե որն է մեր երկրում առողջապահության նախարարության առաքելությունը: Այդ նպատակով հենց նույն ԱՆ լրատվության վարչության աշխատակիցների համար ներկայացնում ենք ԱՆ պաշտոնական կայքում տեղադրված սահմանումը. «Առողջապահության նախարարության առաքելությունն է առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման կազմակերպումը, uանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, բնակչության առաջնային եւ մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը եւ առողջական վիճակի ուuումնաuիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը եւ իրագործումը…»:
Ինչպես նկատեցիք, որպես առաքելություն՝ հստակ նշված է «սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն ու բնակչության առաջնային եւ մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը»: Իսկ ԱՆ լրատվականի վրդովմունքը հարուցած մեր հրապարակման մեջ ներկայացված լուսանկարներում պատկերը հակասանիտարական է, ու չի բացառվում` համաճարակավտանգ. խարխլված պատեր, խոնավ առաստաղ, ոչ հիգիենիկ սանհանգույց եւ այլն: Բացի այդ` մեզ դիմած քաղաքացիների դժգոհությունն անմիջականորեն առնչվում էր «մասնագիտացված բժշկական ծառայության ապահովման կազմակերպման» հետ կապված լուրջ թերություններին (անկետաների լրացում` առանց հիվանդների առողջական բողոքներն ուսումնասիրելու):
Որպես ԱՆ առաքելություն` նշված է նաեւ «մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը». ընդգծենք, մեր հրապարակման մեջ ներկայացված էին պոլիկլինիկաների մանկական բաժանմունքի սենյակներ, որոնք, մեղմ ասած, նպաստող չէին մոր եւ մանկան առողջության պահպանմանը:
Արժե հիշատակել ԱՆ-ի առաքելության սահմանման եւս մեկ կետ. «Առողջապահության նախարարության աշխատանքների կազմակերպումն ուղղված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մատչելի ու որակյալ առողջապահական ծառայությունների ապահովմանը»:
Որքան տեղյակ ենք, Երեւանը ՀՀ տարածքում է, որի թիվ 19 եւ 2 պոլիկլինիկաներում որակյալ առողջապահական ծառայություն չի ապահովվել ու չի ապահովվում: Սա կարող ենք արձանագրել` մեր ձեռքի տակ ունենալով խոսուն փաստեր:
Եվ եթե սեփական գերատեսչության առաքելության այս հիշեցումներից հետո էլ առողջապահության նախարարությունում մտածում են, որ ԱՆ-ն պոլիկլինիկաների հետ որեւէ կապ չունի, ապա մենք ստիպված ենք այսուհետ Երեւանի քաղաքապետարանն ընկալել որպես ՀՀ առողջապահական գլխավոր հաստատություն: Այսուհետ առողջապահության ոլորտին առնչվող հարցերով կդիմենք Տարոն Մարգարյանին, քանի որ կարծես թե պաշտոնապես է հաստատվում, որ տեղում չէ նախարար Դերոն:
ԵՐԲ ՏԵՂՈՒՄ ՉԷ ՆԱԽԱՐԱՐ ԴԵՐՈՆ-2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ