«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը որոշել է ստեղծել դրամական փոխանցումների հայկական միասնական համակարգ, որի անունը լինելու է «ԱՐՈՒՍ»։ Ինչ է սա, ինչ նպատակներ է հետապնդում՝ դժվար է ասել։
Ընդհանրապես անհայտ է, թե ԿԲ-ն երբ է որոշել, ու ինչն է հիմք ծառայել այսպիսի որոշման համար։ Խնդիրն այն է, որ ԿԲ-ի էլեկտրոնային գզրոցներում բուն որոշումը այդպես էլ չգտանք։ Գտանք միայն այդ որոշման հիման վրա մի մրցույթի հայտարարություն, որով Կենտրոնական բանկը փնտրում է այդ համակարգի ծրագրային ապահովումն իրականացնող ընկերություն։ Այդ մրցույթին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը ավարտվել է երեկ։
Տեսականորեն ոչ մի խնդիր չկա, բայց գործնականում կասկածահարույց է այն գաղտնիությունը, որի պայմաններում ԿԲ-ն ներդնում է այս համակարգը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից այդպես էլ չմանրամասնեցին, թե ինչ որոշման մասին է խոսքը։ ԿԲ-ն երեկ իր կայքում տեղադրհց մի հաղորդագրություն որը պետք է տար մեր հարցերի պատասխանները, սակայն շատ բան անհասկանալի է: Թեման թերևս երկար ժամանակ փակ կմնար, եթե հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը չանդրադառնար այս հարցին։ Ռուսաստանի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցները «Կոմերսանտին» տեղեկացրել են ԿԲփ այդ որոշման մասին և մտահոգություններ հայտնել։ «Այսպիսի համակարգը տեսականորեն կարող է սահմանափակել մրցակցությանը շուկայում՝ այդ դեպքում սակագները և վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով։ Արդյունքում շուկայի բոլոր մասնակիցները ստիպված կլինեն հարմարվել այդ կանոններին։ Այսպիսի բան չկա դրամական փոխանցամների նույնիսկ շատ ավելի խիստ վերահսկողություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Տաջիկստանը ու Ուզբեկստանը»,– այսպիսի կարծիք է հայտնել «Կոմերսանտին» «Անելիք» համակարգի կառավարման խորհրդի անդամ Սերգեյ Սալպանովը։
Եվ ուրեմն, ինչու է ՀՀ կենտրոնական բանկը ցանկանում այսպիսի միասնական համակարգ ստեղծել։ Եթե մինչ օրս այլ երկրներից Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող փոխանցումների ոլորտում խնդիրներ ծագած լինեին, հասկանալի կլիներ ԿԲ-ի պահվածքը։ Բայց մինչ օրս շատ թե քիչ լուրջ խնդիրներ չեն ծագել։ Մարդիկ Ռուսաստանում գումարը հանձնել են «Անելիքին» կամ, ասենք, «Յանիստրիմին», և նրանց հարազատները շատ օպերատիվորեն այդ գումարը ստացել են Հայաստանում։
Շատ վաղուցվանից Հայաստանի իշխանական համակարգում քննարկվում է մասնավոր տրանսֆերտները հարկելու հնարավորությունը։ Դա իրականացնելու համար առաջին անհրաժեշտ քայլը հենց փոխանցումների նկատմամբ կոշտ վերահսկողություն սահմանելն է: Իսկ դրա համար էլ իր հերթին անհրաժեշտ է ստեղծել այսպիսի միասնական համակարգ։
Չնայած իրավական տեսանկյունից անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են հարկվելու, ասենք, խոպան մեկնած հոր՝ որդուն ուղարկած գումարը, բայց հեռանկարը իրական է:
Խնդիրն այն է, որ տարեկան մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է ուղարկվում ահոևի գումար։ 2015 թվականին, օրինակ, այդ գումարը կազմել է 780 միլիարդ դրամ, որը մեր պետբյաջեի մոտ 70 տոկոսն է։ Ու եթե հանկարծ որոշեն այս գումարները հարկել, ասենք, 10 տոկոսով, միայն տրանսֆերտներից բյուջեն կստանա մոտ 80 միլիարդ դրամ։
Աա այսօր ինչ-որ տեղ անհավանական է թվում, սակայն Կենտրոնական բանկի գաղտագողի կայացրած որոշումը հուշում է, որ սա մի մութ նպատակ է հետապնդում։ Բացառված չէ նաև, որ նման վերահսկողության նպատակներից մեկն էլ լինի զուտ քաղաքական։ Ասենք, լիակատար վերահսկողության տա՞կ առնվի, թե՞ ոչ իշխանական որևէ գործիչ, ումից և որքան գումար է նա ստանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։