Երեկ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել են Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ՀՀ մասնակցության մասին հայտարարությունը եւ ԵՏՀ եւ ՀՀ միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը: Այսպիսով` Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության գործընթացը աղետալի արագությամբ շարունակվում է, սակայն մինչ օրս պարզ չէ, թե այդ անդամակցության արդյունքում ինչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղին: Ի վերջո, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանը իր եվրոպական վեկտորը կտրուկ փոխեց հենց Ղարաբաղի պատճառով: Հետեւաբար` կարելի է ենթադրել, որ Մաքսային միությանն անդամակցության դեպքում լուծվում է Ղարաբաղի` Հայաստանի հետ միասնական մաքսային ռեժիմում ընդգրկվելու խնդիրը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնելու է լուրջ քաղաքական հետեւանքների: Այս կարեւորագույն հարցի հետ կապված՝ դեռեւս սեպտեմբերին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ասել էր, թե կարիք չկա այդ մասին շատ խոսել. ավելորդ աղմուկը միայն կվնասի դե ֆակտո արդեն իսկ լուծված այս խնդրին: Սակայն քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, անգամ ստորագրված եւ վավերացված պայմանագրերը հաճախ երաշխիք չեն, ուր մնաց` դե ֆակտո, բանավոր պայմանավորվածությունների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Եվ առնվազն միամտություն է մտածել, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած կնստի եւ կսպասի, թե ինչպես են իր հետ ռազմավարական գործընկերության պայմանագրեր ունեցող երկրները` ի դեմս Ռուսաստանի եւ Ղազախստանի (Բելառուսի հետ եւս սերտ հարաբերություններ են), մաքսային միասնական տիրույթ ձեւավորում ԼՂՀ-ի հետ: Ինքնին հասկանալի է, որ սա վաղ թե ուշ հանգեցնելու է փակուղային իրավիճակի, սակայն այդ մասին թե՛ Հայաստանում, թե՛ ՄՄ անդամ երկրներում գերադասում են չխոսել: Եթե Ղազախստանի կամ Բելառուսի ղեկավարությունն առայժմ լռում է այս խնդրի մասին, ապա դա թերեւս կարելի է հասկանալ. ի վերջո, գլխացավանքը նրանցը չէ, մերն է: Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիթովը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Աստանան այս հարցում, երեկ ասել է. «Ղազախստանը որեւէ դիրքորոշում չունի այս հարցում, որովհետեւ այդպիսի հարց չկա»: Իսկ ՌԴ դեսպանատան խորհրդական Անդրեյ Իվանովն էլ նույն հարցի շուրջ նշել է. «Այդ հարցն ինձ ուղղեցին իմ գործընկերները ԵՄ-ից: Ես ի պատասխան հարցրեցի` իսկ ԵՄ-ն ինչպե՞ս էր մտադիր լուծել այդ հարցը, եւ ինձ ասացին` մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Ես էլ արձագանքեցի` եթե ԵՄ-ն որեւէ խնդիր չի տեսնում, Ռուսաստանը նույնպես որեւէ խնդիր չի տեսնում»: Այսպիսով` բացի Ադրբեջանից, այս պահին կարծես թե ոչ ոք որեւէ խնդիր չի տեսնում, սակայն դրանից խնդիրը չի վերանում, եւ երբ գա ժամանակը, հաստատ կտեսնեն, եւ այն էլ` ինչպես:
ԴԵՌ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ