Երեկ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատական հայցի քննությունն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Դատարան էր ներկայացել նաեւ Ս. Խաչատրյանը՝ ապացուցելու, որ իսկապես հայցն ինքն է ներկայացրել, դա իր ստորագրությունն է, եւ որ Մարտին Զիլֆուղարյանը դատարանում ներկայացնելու է իր շահերը: «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Սուրեն Խաչատրյանին:
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք էլի՞ եք մասնակցելու դատական պրոցեսին:
-Չէ՛, անձնագրի հետ կապված խնդիր կար, այդ իսկ պատճառով էլ մասնակցել եմ, դա էլ ընդամենը մի քանի րոպեի հարց էր: Չէ՛, դատական պրոցեսներին չեմ մասնակցելու:
-Օրերս մեծ սկանդալի առիթ դարձավ այն փաստը, որ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ի՞նչն էր պատճառը, որ նա Ձեզ փոխարինեց, Դո՞ւք եք հրաժարվել այդ պաշտոնից, թե՞ Ձեզ ասել են, որ դիմում գրեք եւ հեռանաք:
-Ես անցած տարի էի ուզում հրաժարվել, ճիշտն ասած, տղաների մեծ մասը խնդրեց, եւ ես այս մեկ տարին շարունակեցի: Ես չեմ հասցնում, ճանապարհն է, գնալ-գալն է եւ նման այլ խնդիրներ կան: Դա է եղել պատճառը, որ ես հրաժարվեցի: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ պաշտոնավարման երկու տարին լրացել էր, ես ուզում էի հրաժարվել, բայց տղաների խնդրանքով մեկ տարի էլ երկարաձգեցի: Բայց դե ես չեմ կարող, էլի՛: Ես հիմա կարատեի ֆեդերացիայի նախագահն էլ եմ, չէր ստացվի երկուսն էլ համատեղել: Հետո բավականին ծախսեր է, բան է:
-ՎՖ նախագահի պաշտոնի շուրջ օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ…
-Ես տեղյակ չեմ, քանի որ ես այստեղ չեմ եղել:
-Իսկ տեղյա՞կ էիք, որ Ձեզ փոխարինելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
-Չէ՛, չէ՛, անկեղծ ասած, ես չգիտեի, թե ով է ինձ փոխարինելու:
-Ըստ Ձեզ՝ Ա. Բաղդասարյանն այդ պաշտոնում արժանի՞ փոխարինող է Ձեզ:
-Դե ես ի՞նչ ասեմ, դա այնպիսի գործ է, որ իրենից է կախված, էլի՛: Ամենօրյա աշխատանք պահանջող գործ է, ինձ թվում է՝ ինքը կկարողանա այդ աշխատանքները կատարել:
ԼԻՍԿԱՆ ՆԱԵՎ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ