ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ՞ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա: Ռ. Քոչարյանի պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել, որ հոկտեմբերի 26-ին Ռ. Քոչարյանը կմասնակցի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Ռ. Քոչարյանը հանդիպում ունենա նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել՝ արդյոք նախատեսված է Քոչարյան-Պուտին հանդիպում. «Ո՛չ, հանդիպում նախատեսված չէ, պարոն Քոչարյանը ժամանելու է` մասնակցելու «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին, որեւէ այլ միջոցառում պլանավորված չէ»:

ԿՊԱՏԺՎԵՆ
Երեւան քաղաքում գործող մի շարք բրենդային խանութներ հաճախորդ գրավելու համար դեռեւս շարունակում են անիրական զեղչերի միջոցով մոլորեցնել կամ շփոթեցնել սպառողներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնորդներին մոլորեցնելու համար այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Երեւանում գործող տասնյակից ավելի խանութների նկատմամբ խիստ պատիժ է կիրառելու: Եվ այդ ցանկում ներառված են նաեւ բրենդային մի շարք խանութներ, որոնք ունեցել են նոր ապրանքների խմբաքանակ, բայց դրանք բոլորովին էլ զեղչված չեն եղել: Անբարեխիղճ մրցակցություն վարած խանութներից են «Ռուժ» օծանելիքի խանութը, «Բեյսիք հաուս»-ը եւ այլն: Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն քննարկելու է նաեւ «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից ներկայացրած բողոքը՝ մրցակից ընկերության՝ «ԱրմենՏել»-ի դեմ: Ու քանի որ «ԱրմենՏել»-ը՝ որպես օրինախախտ ընկերություն, առաջին անգամը չէ հայտնվում ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, հնարավոր է՝ այս անգամ էլ տուգանեն:

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանն եւ նրա հարազատները սպառնում են պարուսույց Նունե Մկրտչյանին:     «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Նունեն` նշելով, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքը պահանջել է դատավորից վճարել իր պարտքերը: «Նրանք հանձնեցին իրենցից գնված իմ բնակարանի բանալիները, բայց մենակ տեսնեք, թե ինչ պարտքեր կան: Ջրի վարձավճարի պարտքը 12.000 դրամ է, լույսը՝ 59.000 դրամ, հեռախոսը՝ մոտ 80.000 դրամ, էլ չեմ խոսում իմ 9000 դոլար պարտքի մասին, որ դատավորը խաբել տարել է ինձանից ու չի տալիս: Երբ զանգահարեցի, որ պահանջեմ, նրա քույրն ինձ ասաց, թե այնպես չանես, որ քեզ երկրից վտարենք»,-հուզված պատմեց Նունեն՝ հավելելով, որ այլ ելք չունի եւ պատրաստվում է դիմել Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին, որպեսզի նրանք կարողանան կարգի հրավիրել «օրենք պաշտպանող» դատավորին:

ԷԴ ԷԼ ՈՒ ՎԵՐՋ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երեկ Մինսկում հանդես է եկել առաջարկությամբ. «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ՝ Մաքսային միությանն անդամակցելու խնդրանքով: Արտերկրում ինձ հաճախ են դիմել այն հարցով, որ «մենք ստեղծում ենք ԽՍՀՄ կամ ինչ-որ նման բան»: Գուցե ընդունենք Թուրքիային, մեծ երկիր է, եւ խոսակցությունը կվերջանա»:




Լրահոս