ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հաղորդմամբ` սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, հնարավոր է, այլ վիրաբուժական բաժին չտեղափոխվի եւ ապաքինվելուց հետո դուրս գրվի հենց վերակենդանացման բաժանմունքից: NEWS.am-ի հարցին` արդյոք այս կերպ դերասանի անվտանգությունն են ապահովում՝ հաշվի առնելով վթարի հետեւանքով զոհված երկու դեռահասների հարազատների հնչեցրած հաշվեհարդարի սպառնալիքները՝ Մուրադյանն ասել է. «Մեր բաժանմունք ոչ ոք չի կարող մտնել։ Երբ տանենք պալատ, արդեն անվտանգությունն իրենց խնդիրն է, ուզում են, թող ախրանա բերեն, դռների մոտ կանգնեցնեն: Բացի այդ` հասկանում եք` հայտնի դերասան է, հենց տարանք պալատ, անընդհատ գալու են, գնան, խանգարեն: Նոր վիրահատված մարդուն հանգիստ է պետք, իսկ Վարդանի դեպքում մարդկանց հոսքը մեծ է լինելու: Հատկապես այս եղանակին վիրուսները շատ են, ու ամենափոքր վիրուսից էլ Վարդանը կարող է հիվանդանալ»: Նշենք, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանձնարարականով վերցվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ:

ՀՕԳՈՒՏ ԱԱԽՔ-Ի
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է` արդյոք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իրավասու է իր կազմից հեռացնել «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, եւ արդյոք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ: «Անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց: ՀԱՕԿ-ի նպատակները սահմանված են իր կանոնադրության 2-րդ հոդվածում, եւ բոլորը վերաբերում են արդար սպորտի, ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, սպորտի որակի բարձրացմանը եւ այլն»,-ասված է ԱՆ պարզաբանման մեջ: Այսպիսով` Հրայր Թովմասյանի ղեկավարած մարմինը ՀՀ օրենսդրությունը մեկնաբանեց` ելնելով ԱԱԽՔ Ա. Բաղդասարյանի շահերից:

ՇԱԽՄԱՏ, ՈՉ ԹԵ ԿԱԶԻՆՈ
«Երկիր»-ի թղթակիցն Արցախում զրուցել է Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի հետ: Անդրադառնալով իր որդու` կազինոյում խաղալու թեմային, Ս. Սարգսյանի մայրն ասել է. «Հո՞ւվ ա ասալ, էն Րաֆֆիի կուսակցությունի՞ց: Հա, բայց հի՞նչ ա տեռալ (ի՞նչ է դարձել), վեր ասալ ա, հի՞նչ ա առաջ գցալ, մնացալ ա ուրան փիսոթունը (վատություն): Ես ընդի ըմ գիդում, վեր իմ խոխաս մաքուր ա, հա՛մ հայրենասեր ա, հա՛մ աշխատող ա: Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելո՞ւ չընք: Ես իմ էրեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի: Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո»:




Լրահոս