ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը «7 օր»-ի հետ զրույցում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ օրերս հրապարակած լուրին, ըստ որի՝ նախարարությունը մսխում է պետական բյուջեի միջոցները եւ, օրինակ, 9 ավտոմեքենայի լվացման համար ծախսել է 600 հազար դրամ: Նախարարն այնքան է տարվել արդարացումներով, որ սկսել է իրարամերժ հայտարարություններ անել. «Եթե թվաբանություն անեք՝ 600 հազարը 9 մեքենայի հաշվարկով, գալիս է մեկ մեքենան շաբաթը մեկ անգամ: Եվ եթե ավելի խորը թվաբանություն անեք, կհամոզվեք, որ գումարն ընդամենը 200 դրամ է կազմում»: Իսկ հարցից, թե գուցե տեղն ասեք, մենք էլ 200 դրամով մեքենա լվանալու տեղն իմանանք, նա սկսել է խճճվել ու ինքն իրեն հակասել. «Խնդրում եմ՝ թվաբանությո՛ւն արեք: Մեկ մեքենայի վրա ամսական ծախսը կազմում է մոտավորապես 4500-5000 դրամ»:
Բայց միայն մեքենաները լվանալու վրա չէ, որ «Օրինաց» նախարարը հսկայական գումարներ է «դուրս գրում»: Թադեւոսյանը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 870 հազար դրամ (մոտ 2 հազար դոլար) է հատկացրել ՀՀ լանդշաֆտի մրցանակի արձանիկ պատրաստելու համար: Այդ գումարով պետք է պատրաստվի 3 արձանիկ: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի վկայությամբ՝ թանկարժեք արձանիկները պատրաստվելու են ոսկեգույն եւ կաթնագույն բյուրեղապակուց` «Օբսիս-արտ» ՍՊԸ-ում: Թե ինչ իմաստ ունի այդ արձանիկի համար այդքան մեծ գումար տրամադրելը, մնում է միայն ենթադրել: Հիշեցնենք, որ Թադեւոսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախկին աշխատակից է եւ ավելի լավ գիտի բյուջեն մսխելու եղանակները:
ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, թեեւ դեռ պաշտոնապես չի նշանակվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, բայց արդեն իսկ ակտիվորեն սկսել է զբաղվել հայ-գերմանական հարաբերություններով: ԳԴՀ-ում նրա հանդիպումների մասին գրում են անգամ գերմանական թերթերը: Եվ այսպես. հոկտեմբերի 17-ին ԳԴՀ Հեսսեն երկրամասի գինեգործության ճանաչված կենտրոն Հեպպենհայմ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 22-ամյակի հանդիսավոր տոնակատարություն եւ ընդունելություն, որին մասնակցել է նաեւ Վահան Հովհաննիսյանը: Ավելին, նա այնտեղ նույնիսկ հանդես է եկել ՀՀ քաղաքական իրավիճակի մասին զեկույցով: Նա հատուկ շեշտել է ներկայիս Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ անդրադարձել դրանք հաղթահարելու ուղիներին: