ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 5 օր է անցել այն դեպքից, երբ լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկություն, որ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ միմյանց հայհոյել են: Սակայն մինչ օրս հայրենի իրավապահ համակարգի որեւէ ներկայացուցիչ ընթացք չի տվել այդ խայտառակ խուլիգանությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, երբ Ազգային անվտանգության խորհրդի անդամները գնացել էին Բրյուսելից վերադարձող Սերժ Սարգսյանին դիմավորելու, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, տեսնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, «աքլորացել էր» եւ բարձրաձայն՝ ի տես բոլորի, ասել. «Ի՞նչ է ուզածդ, ի՞նչը սրտովդ չի: Ես ընտրվել եմ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, դուրդ չի՞ գալիս»: Ի պատասխան՝ Ծառուկյանը հայտարարել էր. «Դու չես ընտրվել, մենք այդ հարցը դեռ պետք է որոշենք, դու քեզ ու քեզ նիստ ես արել»: Այս խոսքերին հետեւել էր Ա. Բաղդասարյանի հայհոյանքը. «Լավ եմ արել, ես քո…»: Գ. Ծառուկյանն էլ խոսքերը վերադարձրել էր՝ «մի քանի հարկերով» «նախշելով» Ա. Բաղդասարյանի ազգուտակին… Այս փոխադարձ հայհոյանքների տարափը տեւել էր մի քանի րոպե, ու երբ հայհոյանքների հանդգնությունից զայրացած Գ. Ծառուկյանը փորձել էր անցնել բռունցքներին, ճիշտ պահին հայտնվել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու կանգնել վիճաբանող կողմերի միջեւ` հորդորելով հանգստանալ: Այդ պահին Ա. Բաղդասարյանը Վլ. Գասպարյանի թիկունքից Գ. Ծառուկյանին ասել էր. «Դու առաջվա առյուծը չես, վաղուց կատու ես դարձել», իսկ Գ. Ծառուկյանը նրա այս հայտարարությանը պատասխանել էր միայն կնոջ, մոր, ընտանիքի հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներով:
Ինչեւէ, եթե այս միջադեպը տեղի ունենար որեւէ զարգացած երկրում, նվազագույնը այդ երկրի պաշտոնյաները հանդես կգային հրապարակային ներողությամբ, որ հասարակական վայրում իրենց պահել են շարքային խուլիգանի պես: Իսկ առավելագույնը կլիներ այն, որ երկրում գործող իրավապահ համակարգի ղեկավարները ցուցում կտային իրենց ենթականերին՝ կողմերին ենթարկել գոնե վարչական պատասխանատվության, որովհետեւ, ի վերջո, տեղի է ունեցել խուլիգանություն:
Հիշեցնենք, որ միջադեպին ներկա են եղել Ազգային անվտանգության խորհրդի անդամները, որոնք են՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից, հատուկ քննչական ծառայությունից եւ գլխավոր դատախազությունից պարզել, թե, ի վերջո, ինչ քայլեր են նախատեսում իրականացնել պետական ատյանները` կանխելու այսօրինակ խուլիգանության հետագա դրսեւորումները: Չէ՞ որ եթե անգամ փողոցում երկու հոգի միմյանց հայհոյում են, թասիբով անցորդները նվազագույնը կարգի են հրավիրում նրանց: Արդյո՞ք նշված պաշտոնյաների մեջ անգամ տղամարդկային թասիբ չկա:
Պարզվեց, որ Հայաստանում իրավապահ համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ ՀՀ ԱԱԾ պետի մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ միջադեպն ազգային անվտանգության հետ առնչություն չունեցող հարց է, եւ ինքը հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ, իսկ ահա մյուս գերատեսչությունները, լսելով հարցը, պարզապես «թռան»:
Հատուկ Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար հիշեցնենք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը խուլիգանության մասին. «Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:
Եթե նույն արարքը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, զուգորդվել է բացառիկ ցինիզմով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Վստահ ենք՝ որեւէ մեկը չի կասկածում, որ Ծառուկյանն ու Բաղդասարյանը գործել են ՔՕ 258-րդ հոդվածով նախատեսված արարք եւ ենթակա են պատժի: Սակայն պարզվում է՝ մեր երկրում կան արտոնյալներ, որոնք կարող են խախտել հասարակական կարգը, հրապարակային վայրում հայհոյել, դա անել պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ցինիզմով եւ մնալ անպատիժ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս