ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԵՍ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ»
Հոկտեմբերի 23-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամարտում ինքն ամեն ինչ կանի հաղթելու համար։ Նա մասնավորապես ասել է. «Որեւէ մենամարտ հեշտ զբոսանք չէ: Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն ես եմ հաղթելու»: Տեղեկացնենք, որ Աբրահամ-Դե Կարոլիս մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Իսկ աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014թ. Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում էր, սակայն նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից առաջինն է։

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ «ՎՈԼՖՍԲՈՒՐԳ»-Ո՞ՒՄ
Նախորդ շաբաթվա ընթացքում տեղեկություններ էին տարածվել, որ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ: Ինչպես տեղեկանում ենք Transfermarkt.de հայտնի մարզական կայքից, հայ ռմբարկուն հետաքրքրել է «Վոլֆսբուրգ»-ին: Գերմանական ակումբի հարձակման գծում հանդես են գալիս Շտեֆան Կուչկեն եւ Իվիցա Օլիչը, իսկ թիմի լավագույն ռմբարկու Բաս Դոստը հունվարին լուրջ վնասվածք է ստացել եւ կկարողանա խաղադաշտ դուրս գալ միայն Բունդեսլիգայի երկրորդ հատվածում:

ՖԻԴԵ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԱՍԵՐ Է
ՖԻԴԵ-Ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ՝ աշխարհի շախմատի թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում, եւ սա առաջին դեպքը չէ, որ տվյալ կազմակերպությունը նախապատվություն է տալիս մեր ոխերիմ հարեւաններին: Այսպիսով՝ հայտնի դարձան մրցաշարի մասնակից բոլոր տասը երկրները՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս