ՄԵՐԻԻՆ «ԿԱՊՈՒՄ ԵՆ» ՕԼԻԳԱՐԽԻ ՀԵՏ. ՆԱ ԶԱՅՐԱՑԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Բացահայտելով միայն նրանց էությանը բնորոշ առանձնահատուկ գծերը` վերջիններիս կճանաչենք բոլորովին նոր կողմերից: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն է:

-Մերի՛, երազե՞լ եք էկրանի մարդ դառնալ:
-Այո՛, շատ եմ ցանկացել լինել այս ասպարեզում, բայց ամեն ինչ ինքնաբերաբար, ինքնըստինքյան է ստացվել. հատուկ բաներ չեմ արել, որ հասնեմ դրան:
-Իր, որ միշտ ցանկացել եք ունենալ:
-Միշտ ուզեցել եմ իմ անունով կուլոն ունենալ:
-Ձեր սիրելի փոխադրամիջոցը:
-Իմ մեքենան, որը արդեն 5-րդ տարին է, ինչ վարում եմ: Ասեմ, որ պարտաճանաչ վարորդ եմ, միայն չեմ սիրում ամրագոտի գցել. անհարմար է: Մյուս առումներով կարգապահ եմ, թեեւ սիրում եմ արագություն, եւ այն դեպքերում, երբ օրենքով թույլատրվում է, արագ եմ վարում:
-Խուսափում եք ներկա գտնվել…
-Գործի բերումով տարբեր միջոցառումների կարեւոր մաս եմ կազմում, բայց, միեւնույն ժամանակ, անընդհատ ետնաբեմում եմ լինում: Չեմ գնում տեղեր, որտեղ մարդիկ անընդհատ նայում են ինձ, լուսանկարում, այլ այցելում եմ այնտեղ, որտեղ ինձ հարմար է ու հաճելի:
-Էկրանին լինելու հաճույքը կհամեմատեք…
-Այդ հաճույքն անսահման է, որը ոչ մի բանի հետ չես կարող համեմատել: Առաջին անգամ ես էկրանին հայտնվել եմ հաղորդման շրջանակում, դրանից հետո արդեն հեռուստասերիալում` «Դժվար ապրուստ»-ի ժամանակ: Այդ Ձեր ասած հաճույքը, սերը, ծափահարությունները, լավ ու վատ մեկնաբանությունները, որ ստացել եմ, եղել է հենց սերիալից հետո:
-Ձեր սիրելի ֆիլմը:
-Ինձ համար սիրելի են այն բոլոր ֆիլմերը, որոնցում իր մասնակցությունն ունի դերասանուհի Պենելոպե Քրուզը:
-Կա՞ մի հորդոր, խորհուրդ, որ երբեք չեք մոռանա:
-Իմ ստացած ամենակարեւոր խրատը, խորհուրդը չստելն է: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտականին, ապա ասեմ, որ այդ առումով լավագույն խորհրդատուն մայրս է: Նա թեեւ մասնագետ չէ, բայց իր ինտուիցիայի շնորհիվ զգում է շատ բաներ:
-Եթե Ձեր համբերության բաժակը լցվում է, սովորաբար…
-Հնարավոր է` զայրանամ եւ զայրույթս արտահայտեմ, հնարավոր է նաեւ լուռ հեռանամ: Ընդ որում, առաջինը գրանցվում է մտերիմների հետ հարաբերություններում. զայրանում ես, բայց շուտ էլ ներում ես կամ քեզ են ներում:
-Ձեր հանդեպ կատարված դավադրություն, որը ուժ տվեց:
-Բացի ինձանից` ոչ ոք եւ ոչինչ չի կարող ինձ ուժ տալ: Ես լավատես եմ, հաճախ չեմ ուզում ինչ-որ բաներ նկատել: Բայց, այո, հիշեցի. եղել է կոլեգա, որը ազդել է իրադարձությունների վրա այնքանով, որ ես այժմ չկամ մի նախագծում, որտեղ պետք է լինեի: Հիմա մտածում եմ, որ երեւի թե այդպես ճիշտ էր:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Վերջերս իմ անվան շուրջ պտտվում է մի բամբասանք, որն ինձ վրա շատ ազդում է: Կոռեկտ կլինեմ եւ անուն չեմ տա, բայց ինձ կապում են հայտնի օլիգարխներից մեկի հետ, որին ես բոլորովին չեմ ճանաչում: Այդ մարդուն հանդիսությունների ժամանակ եմ տեսել հեռվից, անգամ չեմ բարեւել: Բոլորն են ծիծաղում այդ խոսակցությունների վրա: Ինձ համար ահավոր է, որ մարդը, ում հետ շփվում եմ, գնում է ինչ-որ տեղ ու ասում. «Քիթս կտրեմ` այդ երկուսը իրար հետ են»: Դա շատ ցավալի է եւ զայրացնող:
-Ճակատագրի մարդ եք, թե՞ գործի:
-Ես դեռ փորձում եմ հասկանալ, թրծման փուլում եմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին:
-Ո՞ւմ հետ կհասնեիք թեկուզ աշխարհի ծայրը:
-Իհարկե, մի մարդու հետ, որին վստահում եմ անմնացորդ` մորս, նաեւ իմ սիրելիի հետ, որը չկա:
-Շարունակե՛ք միտքը. «Մարդը երբեք չպետք է մոռանա, որ…
-Երեւի թե երբեք չպետք է մոռանա իր անցյալը, բայց միեւնույն ժամանակ, չպետք է ապրի դրանով. հասկանա, որ ունի ներկա եւ գնում է դեպի ապագա:

 

 

 
«ՈՒՂԻՂ ԽՈՍՈՂ ՄԱՐԴ ԵՄ, ԻՆՁ ՀԵՏ ԴԺՎԱՐ Է…»

Երգչուհի Լիանան, ով արդեն շուրջ 4 տարի է` նոր տեսահոլովակ չի նկարահանել, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է վերականգնել կազմվածքը եւ վերադառնալ բեմ: Երգչուհու խոսքով` երեխայի խնամքի հարցում ինքը շատ բծախնդիր է, ուստի վերջին տարիներին ամբողջովին նվիրվել էր որդուն` մոռանալով սեփական կարիերայի մասին: Նա սահմանափակվում էր միայն նոր երգերի ձայնագրությամբ: Այժմ Լիանան մի քանի նոր երգ ունի (հեղինակ` Անուշ Ալեքսանյան), որոնք գործիքավորման փուլում են: Բացի այդ՝ երգչուհին պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել մի դուետի հիման վրա, որի վերաբերյալ մանրամասներ հայտնել դեռ չի կարող:

Լիանան պատմեց, որ որդին` Ալենը, արդեն մանկապարտեզ է այցելում, երաժշտասեր տղա է, անգամ հասցրել է մի քանի լեզու սերտել: Քանի որ, ինչպես արդեն նշեցինք, երգչուհին զավակի դաստիարակության հարցում մաքսիմալիստ է, դեռ չի շտապում երկրորդ երեխան ունենալու մասին մտածել: Լիանան պատմեց, որ սկսել է այցելել մարզասրահ, լողի, հետեւում է իր սննդակարգին եւ արդեն հասցրել է նիհարել 12 կգ-ով. «Մինչեւ զավակիս ծնվելը ես 4-5 ամսում նիհարել էի 25 կգ-ով, այնպես որ, ինձ համար դա բարդ չէ, կարեւորը տրամադրվածությունն է: Բեմը սիրում է բարեկազմ, հմայիչ արտիստի, ուստի մտադիր եմ դիմել նաեւ քթի վիրահատության»,-ասաց նա:
Անդրադառնալով նոր երգերին` հետաքրքրվեցինք՝ Երեւանի, սիրո մասին բազմաթիվ հիթեր կատարող երգչուհին արդյոք մտադիր է երգել նոր թեմաների մասին. «Այո, երգերիցս մեկը ընկերների մասին է: Այդ թեման ինձ շատ հարազատ է: Ես շատ մտերիմներ ունեմ, բայց իսկական ընկերները քիչ են: Ինքս ուղիղ խոսող մարդ եմ, եւ ինձ հետ այդ առումով դժվար է, ես հասկանում եմ… Եթե որոշ մարդիկ մի քանի երես ունեն եւ կարողանում են հմտորեն փոփոխել դրանք, իմ դեպքում դա չի գործում: Ես հավատարիմ ընկեր եմ եւ ակնկալում եմ ստանալ նույն վերաբերմունքը»,-եզրափակեց Լիանան:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՖԻԼՄԸ
«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեկ տեղի ունեցավ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից մշակված առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը: Ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով իրենք դպրոցական տարիքի երեխաների համար ներկայացնում են ֆիլմեր, որոնք ավելի հեշտ կդարձնեն բարդ ընկալելի առարկաների ուսումնասիրությունը:
Վ. Շաքարյանի փոխանցմամբ այս ֆիլմն աստղագիտության մասին է, իսկ հաջորդ երկու ֆիլմերը կլինեն կենսաբանության ու քիմիայի մասին: Ծրագրային ապահովումը, ֆիլմի նկարահանումներն արվել են Հայաստանում: Սցենարը կազմվել եւ գրվել է հոգեբանների, մանկավարժների հետ համատեղ: Ընտրվել են այն առարկաները, որոնք երեխաների տպավորությամբ բարդ են:
Ի դեպ, նշենք, որ ֆիլմերը կարճամետրաժ են լինելու՝ 15-ից 20 րոպե, որպեսզի երեխաներին չձանձրացնեն:

 

 

ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է
Բրիտանացի դերասանուհի Ժակլին Բիսեթը երեկ ժամանել է Հայաստան: Ինչպես հայտնի է՝ դերասանուհին այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է: «Հրաշալի զգացողություններ ունեմ: Ի դեպ, արդեն համտեսեցի ծիրան եւ կարծում եմ՝ այն անմահական համ ունի»,-հայտնել է նա:
Տեղեկացնենք, որ դերասանուհու մամուլի ասուլիսը տեղի կունենա հուլիսի 14-ին:




Լրահոս