ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՈՉ ՄՐՑՈՒՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանին պատկանող եւս մի՝ «Ասկե գրուպ» ընկերությունը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գործարան բացեց: Իհարկե լավ է, որ մեր երկրում գործարաններ են բացվում, աշխատատեղեր են ստեղծվում, բայց, այնուամենայնիվ, զարմանալի է, թե ինչպես է ստացվում, որ միայն Սերժ Սարգսյանի մտերիմներին է հաջողվում բիզնես ստեղծել: Հավելենք, որ, նշված ընկերություններից բացի, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջն է պատկանում նաեւ մայրաքաղաքի փողոցներից «փող քամող» վճարովի ավտոկանգառները սպասարկող «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:
«Միկմետալ» ընկերությունը հիմնադրվել է 2003թ. հունիսին՝ որպես Հայաստանում ամրանների եւ ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող ընկերություն: Իսկ Չարենցավանի «Ասկե գրուպ» գործարանը ոչ միայն կցամասերի, այլեւ մետաղական ամրանների արտադրությամբ է զբաղվում: Օրերս Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Չարենցավան քաղաքում մասնակցեց մետաղական ամրանների արտադրության վերազինված արտադրամասի գործարկման արարողությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2012թ.-ի ապրիլի 19-ի որոշմամբ՝ մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգվել է «Ասկե գրուպ» ԲԲԸ-ի կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ընկերությունը ներդրումային ծրագրով Չարենցավանում վերապրոֆիլավորում է ձուլման արտադրամասը` ամրանների արտադրություն կազմակերպելու նպատակով: Յոթ մլրդ դրամի չափով ներդրում կատարելու եւ վերազինումը 2013 թ. ավարտին հասցնելու արդյունքում ձեռնարկությունում կբացվի մոտ 300 նոր աշխատատեղ: Այս պահի դրությամբ «Ասկե գրուպ» ընկերությունը գործարանում իրականացրել է մոտ 35 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:
Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ հանքարդյունահանման ոլորտի ձեռնարկությունները զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարած հարկերը: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակում մի քանի հարյուր միլիոնով իր պարտավորություններն ավելացրել է նաեւ «Միկմետալը» (33-րդ տեղ, 1.54 մլրդ դրամ):
Նշենք, որ Հայաստանում ամրանների նկատմամբ պահանջարկը կազմում է տարեկան մոտ 115 հազ. տոննա, այն հիմնականում բավարարվում է Ուկրաինայից ներմուծվող արտադրանքի հաշվին: Չարենցավանում գործող նորաստեղծ գործարանի հզորությունը տարեկան 125 հազ. տոննա է: Նախատեսվում է արտադրանքի մի մասը արտահանել, քանի որ հարեւան բոլոր պետություններում ամրաններ են ներմուծում:
Ինչ խոսք, ուրախալի է նոր գործարանի կամ արտադրամասի գործարկումը, սակայն, միեւնույն ժամանակ, մտահոգիչ է այն, որ Հայաստանում կայանում են միայն Սերժ Սարգսյանի մտերիմների բիզնեսները: ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ`  այս երեւույթը հնարավոր չէ տնտեսագիտորեն բացատրել: «Գործող համակարգն է այդպիսին: Մեր համակարգում մարդ կարող է բիզնեսով զբաղվել կամ բիզնես ունենալ այն դեպքում, երբ բարեկամախնամիական կապեր ունի իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նույնը կարող եք հայտնաբերել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի բարեկամների մեջ: Նորություն չէ: Դա պարզապես կործանում է երկիրը»,- նկատեց տնտեսագետը:
 Խաչատրյանը հիշեց աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի՝ վերջերս արած հայտարարությունը. նա նշել էր, թե Հայաստանի տնտեսական վիճակը քաղաքական դրդապատճառ ունի, այն կապված չէ աշխարհագրական դիրքի կամ երկրի պոտենցիալի հետ:
«Եթե նայենք պաշտոնական վիճակագրության տվյալները, ապա կտեսնենք, որ ներդրումները Հայաստանում անցյալ տարվա համեմատ 1.2 տոկոսով պակասել են: Իսկ տնտեսական աճն էլ համարյա զրոյական է դարձել, որովհետեւ, եթե ակտիվությունը 3.2 տոկոսն են ցույց տալիս, դա նշանակում է, որ համախառն ներքին արդյունքի աճ գոյություն չունի: Քաղաքացիները սկսել են ավելի քիչ սպառել, դա են վկայում վերջին վիճակագրական տվյալները: Հայաստանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Ես չգիտեմ, թե ինչի համար են այդ բիզնեսները բացում: Ինչո՞վ են ուզում հարստանալ: Կարմիր գծերը գծելո՞վ, լրացուցիչ արագության կամ երթեւեկության կանոները ֆիքսելու համապատասխան էլեկտրոնային հսկող միջոցներո՞վ: Հիմա հերթականը կլինի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացումը: Տեսեք, թե ինչ բնագավառներ են նրանք փնտրում: Այլեւս հնարավորություն չունեն»,- վրդովված նկատեց Խաչատրյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս