ՈՉԻՆՉ ՉԻ ՀԻՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վարդան Պետրոսյանի եղբայրը` Արմեն Պետրոսյանը, NEWS.am-ին հայտնել է, թե Վարդանը դեռ չգիտի, որ վթարի հետեւանքով մահացել են երկու պատանիներ, իսկ երեք տուժածները ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: «Նա դեռ վերակենդանացման բաժնում է, ոչինչ չի հիշում: Նրա վիճակը ծանր է եղել եւ շարունակում է մնալ ծանր: Նա շատ արյուն է կորցրել, վնասված է ողնաշարը, հեռացված է փայծաղը, վիրահատված՝ լյարդը: Նրա հետ խոսել եմ միայն երեկ, մի քանի րոպե: Հետո դադարեցրինք խոսակցությունը. շատ հոգնեց եւ ուզեց քնել: Ովքեր թեկուզ հեռվից ճանաչում են Վարդանին, կարող են պատկերացնել, թե ինչ պիտի նա զգա այդ լուրն իմանալով: Այդ մասին կհայտնենք որոշ ժամանակ հետո»,- ասել է Վ. Պետրոսյանի եղբայրը: Նաեւ հավելել է. «Վարդանը մեքենա է վարում շուրջ քսան տարի, ընդհանրապես ապրում է առողջ կենսակերպով: Ովքեր տեսել են նրա ծանր աշխատանքը բեմի վրա, կհասկանան, որ միշտ պետք է լիներ ֆիզիկական լավագույն վիճակում: Մեքենա միշտ վարել է դանդաղ, որով արժանացել է ավելի երիտասարդ ազգականների դժգոհությանը: Ընդհանրապես նրա դանդաղ վարելը եղել է նրանց խոսակցությունների եւ հումորի առարկան»:
Դերասանի եղբայրը նաեւ տեղեկացրել է, որ կապվել են տուժածների ընտանիքի 2 ազգականի հետ, ցավակցել, առաջարկել հանդիպել, խոսել. «Ըմբռնումով ենք վերաբերվում Հակոբյանների ընտանիքի ողբերգությանը եւ, հավատացեք, սգում նրանց հետ մեկտեղ: Զոհվել են պատանիներ, Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները, որոնք նոր կյանք պետք է մտնեին, կան ծանր վիրավորներ… Դա դժբախտ պատահար է, իսկ պատահարներից ապահովագրված չէ ոչ ոք»:




Լրահոս