Սա ապստամբություն է, որի իրավունքը ժողովուրդն ունի. Սոս Գիմիշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման, դրա հետեւանքների եւ մինչեւ այսօր իրականացված գործողությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ:

-Պարո´ն Գիմիշյան, հուլիսի 17-ից Երեւանում իրականացվող գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:

-Տեղի ունեցածի գնահատականը միանշանակ է, սա ապստամբություն է, որի իրավունքը ժողովուրդն ունի, առավել եւս, որ դրա հիմնական մեղքը ընկնում է իշխանության գործելակերպի վրա: Ես գտնում եմ, որ ժողովուրդը սպասելիք ուներ, եւ երեւի թե, երազում էր, որ ինչ-որ տղաներ ոտքի կկանգնեն, գնան խնդիրներ լուծեն, որ երկրում հնրավարություն առաջանա փոփոխությունների:

Այստեղ մի խնդիր կա. շատ կարեւոր  է, որ սա լինի զուտ հայկական ապստամբություն, այսինքն դրսի ուժերի մասնակցությունը, ուղորդումը չլինի: Եթե սա հայկական ապստամբություն է, ապա դա կարելի է նույնիսկ հերոսական քայլ համարել եւ ցանկանալ հաջողություն:

Եթե այս ինչ որ տեղի է ունենում ուղորդվում է դրսի ուժերի կողմից, որոնց նպատակն է երկրում քաոս ստեղծել, եւ քաոսի միջոցով քայքայել ամբողջ պետական համակարգը, ապա սա անընդունելի է եւ պետք է օր առաջ կանխվի:

-Իսկ ինչպիսի՞ հանգուցալուծում եք կանխատեսում: Արդեն իսկ բախումներ են եղել, որի արդյունքում Պավել Մանուկյանն, իր որդին եւ «Սասնա ծռեր» խմբի այլ անդամներ վիրավորվել են:

-Մեղավորը իշխանությունն է, ինքը ժողովրդին հնարավորություն չի թողել սահմանադրական կարգի, օրենքի  միջոցով գնալ փոփոխությունների, որոնք պետք է լուծեն ժողովրդի եւ պետության խնդիրները: Խնդիրը պետք է լուծել քաղաքական լուծումներով, մեղմացնել իրավիճակը:

Իշխանությունը պետք է հստակ ասի, որ ինքը պատրաստ է ինչ-ինչ քաղաքական բարեփոխումների: Եթե դրանք էական կլինեին, կարծում եմ` արժի որ տղաները վայր դնեն  զենքերը, այս վիճակը ավարտվի, իսկ  իշխանությունը օրակարգ ձեւավորի ընդդիմության հետ:

-Ի՞նչ օրակարգի մասին է խոսքը, եւ ինչպե՞ս պետք է դա ձեւավորվի:

– Նախ պետք է ստեղծվի քաղաքական դաշտի քաղաքական խորհուրդ` բոլոր կուսակցությունների նախագահների մասնակցությամբ: Այդ քաղաքական խորհուրդը պետք է, ասենք,  ժողովրդի վստահության կառավարման համակարգ ձեւավորի, տեղի ունենա կառավարության փոփոխություն, համախմբում տեղի ունենա կառավարություն-ժողովրդի կողմից, ժողովուրդը թեւ-թիկունք հանդիսանա այդ կառավարությանը, մյուս կողմից մշտական վերահսկողություն իրականացնի նույն կառավարության նկատմամբ: Եւ նախանշվի օրակարգը, եւ օրակարգին համաձայն քայլ առ քայլ լուծումներ կատարվեն:

Պարո´ն Գիմիշյան, ըստ Ձեզ` ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ հակամարտության շուրջ տարվող բանակցությունների վրա:

-Ես այս պրոցեսը չեմ ուզում կապել բանակցությունների հետ: Բանակցությունները, իմ համոզմամբ, տարիներ կշարունակվեն ու անարդյունք կլինեն: Որովհետեւ շատ դժվար է պատկերացնել որոշում, որին համաձայն լինի ե´ւ Ադրբեջանը, ե´ւ Հայաստանը, ե´ւ Ռուսաստանը, ե´ւ ԱՄՆ-ն ե´ւ Ֆրանսիան: Աներեւակայելի է, որ երկու-երեքը մի որոշման կողմնակից լինեն:

Պատերազմական գործողությունների վտանգ կա, դրա համար պետք է երկրում բարեփոխումներ իրականացնել, երկրի նկատմամբ վերաբերմունքը փոխել:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս