ԵՐԲ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԻՄԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ ծագած հակամարտությանը երեկ նոր թափ հաղորդվեց: ՀԱՕԿ-ի կողմից խոստացված հայտարարությունն ի վերջո  եղավ, որտեղ կրկին նշվեց, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել օրենքի խախտումներով:  «ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»,-ասված է հայտարարությունում: Փաստորեն, ինչպես եւ  խոստացել էր Գ. Ծառուկյանը, ՀԱՕԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի Ա. Բաղդասարյանը «հեռացվի» այդ պաշտոնից:
Եվ այսպես, ՀԱՕԿ-ի տարածած հայտարարությունում նշվում է հետեւյալը. «Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է ԱԱԽ շենքում, խիստ գաղտնիության պայմաններում, եւ արգելված է եղել անգամ լրատվամիջոցների եւ կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց եւ հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար: Ընտրություններն անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Բրյուսելից Երեւան ժամանող Սերժ Սարգսյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու գնացած ԱԱԽ անդամներն ականատես էին եղել Ա. Բաղդասարյանի եւ Գ. Ծառուկյանի վիճաբանությանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս կապակցությամբ պարզել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը, քանի որ ԱՆ-ն, խնդրի հետ կապված, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր. «Անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց»: Մեր գրավոր հարցերին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը:
-Դուք հայտարարել էիք, որ Ա. Բաղդասարյանի ղեկավարած վոլեյբոլի ֆեդերացիան անկախ է Գ. Ծառուկյանի ղեկավարած օլիմպիական կոմիտեից, հետեւաբար կարող է ինքնուրույն ղեկավար ընտրել: ՀԱՕԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրությունը տեղի է ունեցել մի շարք խախտումներով: Ի՞նչ հիմքերով էիք Դուք պաշտպանում Ա. Բաղդասարյանին:   
-ՀՀ  արդարադատության նախարարությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, թե արդյոք «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունն իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, թե արդյոք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ, եւ արդյոք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու եւ միջազգային մրցույթներին մասնակցելու համար, բացառապես իրավաբանական պարզաբանում էր տվել ազգային ֆեդերացիաների եւ ՀԱՕԿ-ի հարաբերակցության, ինչպես նաեւ համապատասխան միջազգային ֆեդերացիաներին եւ ՀԱՕԿ-ին անդամակցելու պայմանների վերաբերյալ: Պարզաբանումը ներկայացվել էր առանց անդրադառնալու վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների ընթացքին, օրինականությանը կամ հնարավոր խախտումների առկայությանը:
-ՀԱՕԿ-ի հայտարարությունից հետո, որտեղ փաստերով նշված է, թե ինչպիսի խախտումներ են կատարվել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ, ո՞րն է լինելու Ձեր արձագանքը: Ինչո՞ւ միջամտեցիք Գ. Ծառուկյանի եւ Ա. Բաղդասարյանի միջեւ ծագած այս հակամարտությանը, եթե փաստացի ապացույցներ չունեիք, որ ընտրությունն անցել է օրենքի սահմաններում:
-Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ի երկրորդ՝ հոկտեմբերի 28-ին տարածած հայտարարությանը, որտեղ նշված է, որ «Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով», ապա տեղեկացնում ենք, որ երբ վոլեյբոլի ֆեդերացիան դիմի ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր ֆեդերացիայի նախագահի փոփոխության գրանցման հարցով, ապա այդ դեպքում օրենքի պահանջով  կուսումնասիրվեն փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն լսումներ, կկատարվեն անհրաժեշտ ուսումնասիրություններ, որից հետո միայն պետռեգիստրի  համապատասխան պաշտոնատար անձը հանդես կգա համապատասխան  եզրակացությամբ,  կգրանցի կամ կմերժի կատարված փոփոխությունները: Այս փուլում ո՛չ ՀՀ ԱՆ-ն եւ ո՛չ էլ անձամբ նախարար Հրայր Թովմասյանը չեն միջամտել վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարի ընտրությանը:
Հ.Գ. ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից փորձեցինք պարզել, թե ինչ մեխանիզմով է գործելու հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից: Նա նշեց, որ իրենք այդ մասին պատշաճ ձեւով կիրազեկեն հասարակությանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս