ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ
Կիրակի օրը Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում կրկին դժբախտ դեպք է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 4 երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում առկա թունավոր գազի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել:
Բազմաթիվ անգամ մենք անդրադարձել ենք այն իրողությանը, որ Վարդենիս քաղաքի բնակիչները, չկարողանալով իրենց ամենօրյա հացը վաստակել, ստիպված մտնում են ոսկու հանք՝ գիտակցելով, որ, հնարավոր է, այնտեղից դուրս չգան: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանում» մարդիկ ամեն անգամ իրենց ընտանիքի անդամներին ցտեսություն են ասում, մտնում ոսկու հանքավայր, որպեսզի հանքաքարեր դուրս բերեն, ձուլեն, որ ապրեն՝ հաճախ այդպիսով կայացնելով իրենց մահվան դատավճիռը: Վ. Սաղաթելյանի դժբախտ դեպքը, ցավոք, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը: Սակայն Սարգսյանների իշխանության որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չի մտահոգվում այս փաստերով: Վարդենիսում չկան աշխատատեղեր, չկա բարեկեցիկ ապրելու հեռանկար:
Բանն այն է, որ հանքն էլ, ըստ էության, նորմալ չի գործում, եւ տարիներ առաջ անգամ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ Սոթքի ոսկու հանքավայրը, որը հարուստ պաշարներ ունի, 0 դրամ հարկ է վճարում պետբյուջե: Սա նշանակում է, որ Հայաստանի ընդերքը թալանվում է երկու ուղղությամբ՝ մասնավոր ընկերության եւ շարքային քաղաքացիների կողմից:
30-ն անց Վ. Սաղաթելյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Վարդենիս քաղաքում:

ԷԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո մեր հանրապետությունում այսօրվա թանկացումները գնալով ահռելի չափերի են հասնում: Երեկ «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց Երեւանի մի շարք սուպերմարկետներում, խանութներում եւ արձանագրեց որոշ ապրանքատեսակների գների բարձրացում: Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 20 դրամի բարձրացում, 20 դրամով թանկացել է կերակրի աղը, իսկ որոշ խանութներում՝ 30-ով, ինչպես նաեւ՝ տոմատի մածուկը, կոսմետիկ միջոցները՝ լվացքի փոշի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, մի քանի տեսակի շամպուններ: Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացամթերքի եւ կոսմետիկ միջոցների շուկաներում վերահսկողություն չի իրականացնում, քանի որ այն համարվում է մրցակցային: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ  շաքարավազի եւ սուրճի գինը նվազել է, ձեթի գինն ու ալյուրինը՝ նույնպես:




Լրահոս