ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի հանդբոլի (ձեռքի գնդակ) թիմի մասնակիցներին տարել են ոստիկանություն՝ հարցաքննության: Պատճառը հոկտեմբերի 14-ին Վանաձոր քաղաքում սպանված 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործն է: Երեկ այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց սպանված տղայի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը. «Ոստիկանությունում երեխաները շարունակել են պնդել, թե իրենք ականատես են եղել, որ  որդուս դանակով հարվածել է Կարեն Կունգորցեւը: Կարենի մայրն ասել է, թե ողջ Վանաձորը խոսում է, որ հանցագործությունը կատարել է ոմն ԿԳԲ-ի Արտակի որդի 16-ամյա Արթուր, որն էլ Վանաձորի հանդբոլի խմբից է եղել: Ես վստահ հայտարարում եմ, որ Վանաձորի հանդբոլի թիմում Արթուր անունով տղա չկա, ու առավելեւս ինձ համար տարօրինակ է, թե ինչպես է մայրը հանդիպել մեկուսարանում որդու հետ կամ Կարենն ինչպես է նամակ տվել մորը: Չգիտեմ, այս պատմության մեջ մութ կետեր իսկապես շատ կան, որոնք ինձ համար դեռ անհասկանալի են»:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետոյանը երեկ հայտարարել է, թե Հրաչ Մուրադյանին սպանել են նրա պաշտոնին տիրանալու համար: Նա նաեւ նշել է, թե նոր գյուղապետն ինչ-որ կերպ կապված է Հրաչ Մուրադյանի սպանության հետ: Իսկ այսօր՝ 16:00-ին, «Հրաչ Մուրադյան՝ արդարության պահանջ» հասարակական շարժումը եւ ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից կազմակերպում են երթ դեպի նախագահական նստավայր` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով:

ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ
Հոկտեմբերի 17-ին Արմավիրի մարզում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Քաղցրիկ Իլանյանի հայրը՝ Վովա Իլանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում ցանկանում են փակել իր աղջկա մահվան առիթով հարուցված գործը, սակայն ինքը թույլ չի տա: «Ես շարունակում եմ կրկնել, որ իմ դստերը սպանել են: Եթե դուք գաք, տեսնեք, թե «Ծովակ» սրճարանից մինչեւ Արմավիրի մարզի «Կարմիր» կոչվող կամուրջն ինչ ճանապարհ է, կզարմանաք: Անգամ տղամարդը ռիսկ չի անի գնա այնտեղ: Իմ դստեր հեռախոսի զանգերը պետք է լսեն: Ինձ թույլ չեն տալիս դա անել, ոստիկանությունը պետք է ստուգի, եւ հիմա ես սպասում եմ ու պայքարելու եմ, որ այս գործը չփակվի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Քաղցրիկի հայրը:

ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Տավուշի մարզում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած միջադեպին, երեկ նշել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքերն ակտիվանում են հատկապես երկու երկրներում քաղաքական կարեւոր իրադարձությունների շրջանակներում, եւ վերջին դեպքն այդ առումով եւս բացառություն չէր. «Ես կիրակի օրն անձամբ եղել եմ տեղում եւ ուսումնասիրել մեր դիրքի իրավիճակը,  իրադրությունը, ճանապարհային ցանցը ու գտնում եմ, որ մեր հրամանատարները համապատասխան քայլեր կձեռնարկեն, որ իրավիճակն ավելի հանդարտվի»:




Լրահոս