«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներին` բժիշկներ Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին եւ բուժքույր Մալինա Մարգարյանին, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները արգելել էին տարածքը լքել: Տեղի ունեցածի մասին լուրի տարածվելուց անմիջապես հետո Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը սկսեց դատապարտող հայտարարություններով հանդես գալ` պահանջելով ազատ արձակել բուժաշխատողներին` առանց որեւէ նախապայմանի:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի գնահատականը: «Երբ բժիշկը բուժօգնություն է ցուցաբերում, այնտեղ չկա ոչ մի կողմ, այնտեղ կա հիվանդ, վիրավոր, մարդու կյանք եւ մարդու առողջություն, եւ մենք այլընտրանք չունենք, քան աշխատենք:
Բայց աշխատանքի համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, որոնք բխում են նրանից, թե ինչպիսին է հիվանդի վիճակը, եւ եթե վիճակը պահանջում է ստացիոնար, ապա նա պետք է գտնվի հիվանդանոցում: Եթե հնարավոր է իրականացնել բուժօգնությունը ամբուլատոր, ապա նույնպես անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Եթե բժիշկը գտնվում է տագնապի կամ վախի մեջ, ինքը չի կարող ամբողջությամբ իրականացնել այն, ինչ որ պետք է անի, եւ դա առաջին հերթին վտանգավոր է հիվանդի համար»,- ասաց Նարիմանյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: