«Ժողովուրդ»-ը «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներից ահազանգ ստացավ այն մասին, որ իրենց աշխատավարձերը տեւական ժամանակ չեն վճարվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը այցելեց «Արամյանց» բժշկական կենտրոն եւ զրուցեց ԲԿ-ի տնօրեն Սամվել Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, «Արամյանց» ԲԿ-ի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին դժգոհել են, որ իրենք տեւական ժամանակ է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Ի՞նչն է խնդիրը:
-Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ՝ կապված աշխատավարձերի ուշացման հետ: Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ: Մինչեւ 2013 թվականի վերջը եւ 2014 թվականի սկիզբը ամեն ինչ նորմալ էր: Բայց տեղի ունեցան մի շարք գործընթացներ, որոնք էապես ազդեցին կենտրոնի ֆինանսական մուտքերի վրա:
-Կմանրամասնե՞ք:
-Զգալի չափով նվազեց հիվանդների թվաքանակը, եւ սա նույնպես իր հերթին ազդեց ֆինանսական մուտքերի վրա: Չնայած նախորդ տարեվերջից լուրջ կազմակերպչական միջոցառումների շնորհիվ հասանք այն բանին, որ հիվանդների թվաքանակը աստիճանաբար աճում է, բայց հավատացնում եմ Ձեզ, որ դա ժամանակ է պահանջում: Միաժամանակ այդ դժվար ֆինանսական մուտքերի պայմաններում կան պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն: Մասնավորապես՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի վարձերը պետք է վճարվեն: Դրանք հիվանդանոցի համար բավականին մեծ թվեր են կազմում: Բացի այս, բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ կան, որոնք ուղղակի չես կարող չկատարել: Դա նույնպես իր ազդեցությունն ունեցավ: Նաեւ բավականին բժիշկներ մեզանից հեռացան: Հատկապես այն բժիշկների թիմը, որն աշխատում էր սրտաբանական բաժանմունքում, մինչդեռ այդ բաժանմունքի գործունեության շնորհիվ, ըստ էության, ապահովվում էին նաեւ կենտրոնի հիմնական ֆինանսական միջոցները: Բայց այդ թիմը հեռացավ:
-Ի՞նչ պատճառներով բժիշկները հեռացան:
-Տեղափոխվեցին մեկ այլ բժշկական կենտրոն: Բնականոն ընթացք է, մրցակցություն է, բոլորն աշխատում են լավ թիմ եւ լավ տեխնոլոգիա ունենալ: Բայց տվյալ դեպքում այդ բժիշկները հեռացան ոչ թե աշխատավարձի խնդրի պատճառով, այլ տեղափոխվեցին:
-Այնուամենայնիվ, ԲԿ-ի տնօրինությունն աշխատավարձերը ինչո՞ւ է ուշացնում:
-Բացի թվարկածս պատճառները, նշեմ նաեւ, որ շուրջ 55 մլն դրամ հիվանդներն են մեզ պարտք: Ես չեմ ցանկանում արդարանալ, այլ ընդամենը նկարագրում եմ իրավիճակը: Հիվանդները մեզ 55 մլն դրամ պարտք են, եւ մենք դատական գործընթացի մեջ ենք նրանց հետ: Որոշ դեպքերում արդյունք կա, բայց աննշան: Բավականին մեծ թվով հիվանդներ կան, որոնք լուրջ պարտքեր ունեն բժշկական կենտրոնին, բայց կա՛մ գույք չունեն, կա՛մ էլ սոցիալապես ծանր վիճակում են: Մենք մեր պարտքը կատարել ենք. հիվանդին փրկել ենք այդ վիճակից, բայց դրա փոխարեն փոխհատուցում չի եղել, տուժել ենք, վնասներ ենք կրել: Հիմա այս դեպքում հնարավո՞ր է պահպանել բալանսը եւ աշխատավարձը լիարժեք վիճակում, այն դեպքում, երբ ես իմ պարտադիր պարտավորությունները բարեխղճորեն կատարել եմ: Նույնն էլ աշխատողների նկատմամբ: Ես չեմ ասում, որ լավ բան է, աշխատողը պետք է իր աշխատավարձը ստանա: Բայց կան նյուանսներ, որոնք չեն բարձրաձայնվում: Մենք յուրաքանչյուր ամիս աշխատավարձ տալիս ենք, փակում ենք: Այնպես չէ, որ չենք տալիս ու վերջ: Չկա նման բան: Աշխատավարձ վճարելը մեր սուրբ պարտականությունն է: Եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հասնենք նրան, որ աշխատավարձերի պարտքերը զրոյացնենք, բայց դրա համար ժամանակ է պահանջվում:
-Պարո՛ն Հարությունյան, 55 մլն դրամ պարտքը մարելու համար դիմե՞լ եք կառավարություն, առողջապահության նախարարություն:
-Ես չեմ կարծում, որ պետությունը հնարավորություն ունի մյուս կողմի չվճարած գումարները փոխհատուցել: Պրակտիկայում նման բանի չեմ հանդիպել: Ես այդ մարդը չեմ, եւ առաջին տարին չէ, որ առողջապահության կազմակերպչական աշխատանքում եմ, տարբեր ճանապարհ եմ անցել եւ գիտեմ, թե աշխատողի համար ինչ է նշանակում աշխատավարձը: Բայց հավատացնում եմ, որ այդ խնդիրները աստիճանաբար կուտակվեցին, այն էլ մեր հանրապետության համար նման դժվարին պայմաններում: Քիչ առաջ ինձ մոտ մի քաղաքացի էր եկել, որի տղան մեկ տարվա մեջ 5-րդ անգամ է բուժվում: Հիմա իր որդուն անհրաժեշտ է սրտի բաց վիրահատություն կատարել: Ինքը եկել է ինձ մոտ եւ ասում է՝ խնդրում եմ, տղայիս սրտի բաց վիրահատություն արեք, բայց ես ձեզ գումար չեմ տալու, որովհետեւ չունեմ: Ի՞նչ պատասխան տամ այս քաղաքացուն: Իսկ մենք շատ բան ենք արել: Մենք օգնել ենք, մենք չենք նայել այս մարդն ունի թե չունի, մենք իր կյանքը փրկել ենք, հետո՝ գումարի հարցը դրել:
-Իսկ Ձեր եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, չի՞ փոձում օգնել Ձեզ՝ այս վիճակից հանելու հարցում:
-Մտահոգ է, մտահոգված է իր եղբոր գործունեությամբ: Բայց ինչո՞վ օգնի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՔԱՆԴՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ
«Քաղաքացի Լիպարիտ Շահնազարյանը բաց նամակով դիմել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` իր բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման դեմ:
Ունեմ բավականին տարիք, տարբեր ատյաններում աշխատածս տարիների մեծ փորձ, աշխատանքի վաստակաշատ վետերան եմ եւ կաշիս չեմ փոխել, մնացել եմ կոմունիստ: Ունեմ նաեւ իրերը իրարից զանազանելու ճիշտ ընդունակություն:
1949-52թթ. սովորել եմ Ալավերդու շրջանի Ուզունլար գյուղի գյուղտեխնիկումում: Նույն թվականին սովետական իշխանությունը կատարեց գյուղերի խոշորացումներ: Ուզունլար գյուղը ուներ երկու տնտեսություն: Այն միավորվեց եւ դարձավ մեկ խոշոր տնտեսություն: Բացի այդ Ուզունլար գյուղին միացվեց 3,5 կմ հեռավորության վրա գտնվող Հագվի գյուղը: Կարճ ժամանակ չանցած Սովետական երկրի քաղբյուրոն իմանալով կատարած սխալի մասին՝ պաշտոնից հեռացրեց քաղբյուրոյի քարտուղար Ա. Ա. Անդրեւին եւ նորից սկսեց վերականգնել գյուղերը: Երբ 1960թ. աշխատում էի «Հայկոոպ»-ում, հաճախ էի լինում շրջաններում: Մի գործուղման ժամանակ Ալավեդու շրջանում էի, եղա Ուզունլար գյուղում, նրանք նոր սկսել էին քանդված երկիրը վերականգնել: Եղա նաեւ Հագվի գյուղում, որը դեռ քանդված վիճակում էր…:
Մեր իշխանությունները ինչ են մտածում գյուղերը իրար միացնելով: Մի՞թե Տավուշի մարզի Գոշ գյուղի գյուղացին մեկ տեղեկանքի համար պետք է կտրի 18-20 կմ, որպեսզի այցելի Դիլիջանի քաղաքապետին: Նույնն է կատարվում բոլոր շրջաններում: Այս առթիվ ինչ են մտածում մեր իշխանությունները»:
ՀՀ հաշմանդամների ասոցիացիայի նախագահԼիպարիտ Շահնազարյան
ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱԼԱՅԶԻԱ
Երեւանի «Փյունիկ»-ի հետ վերջերս պայմանագիրը խզած կիսապաշտպան Կարեն Հարությունյանն ազատ խաղացողի կարգավիճակում տեղափոխվել է Մալայզիա: 21-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «Տերենգանուում»: Վերջինս կփոխարինի ծանր վնասվածք ստացած Գուստավո Լոպեսին:
«Տերենգանուն» Մալայզիայի Սուպերլիգայի ավարտված առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: