ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Պարոնյան 22 հասցեում
Ահա թե ինչի է վերածվել Երեւանի քաղաքապետարանի կողմից տեղադրված նստարանը: Երեւանում 2012թ. տեղադրվել է թվով 600 նստարան, պատվերի արժեքը կազմել է 99 միլիոն դրամ, իսկ մեկ նստարանի արժեքը՝ 165 հազար դրամ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշում ձեռք բերելու համար ինչքա՞ն գումար է ահրաժեշտ վճարել:
Լիա Ներսիսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար գանձվում է վճար՝
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով (1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում՝ լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար եւս 300 դրամի չափով,
3) 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե չեն պահպանվել անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական-սանիտարական եւ անասնաբուժական պահանջները: Կամ արտահանող երկրում անասնահամաճարակային անկայուն իրավիճակի եւ կարանտինային հիվանդությունների բռնկման մասին առկա է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն:
ՀԱՐՑ. Ես անհատ ձեռներեց եմ, մտադիր եմ կազմակերպել ՍՊԸ: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք անհրաժեշտ է, որ լուծարեմ ԱՁ-ն, թե կարելի է վերակազմավորել:
Իսկուհի Ղազարյան (43 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Ղազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհատ ձեռներեցները ֆիզիկական անձինք են, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ առանց իրավաբանական անձի կրթության: Հետեւաբար, որեւէ վերակազմում Ձեր նկատմամբ չի կարելի իրականացնել, ինչպես իրավաբանորեն, այնպես էլ ֆիզիկապես: Վերակազմումը (կազմակերպաիրավական ձեւի փոփոխում) հնարավոր է միայն իրավաբանական անձանց հետ: Դուք իրավունք ունեք ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ միությունների անսահման քանակություն եւ դրան զուգահեռ, ըստ Ձեր ցանկության, կամ մնալ անհատ ձեռներեց կամ էլ ոչ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: ՍՊԸ-ն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առեւտրային կազմակերպություն է: Ընկերությունը պետք է ունենա իր ֆիրմային անվանումը հայերեն լեզվով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաեւ ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաեւ նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը: