ՀԱՐՑ. Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական վճարը: Եվ խնդրում եմ ասել, թե որքա՞ն է կազմում նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը:
Անահիտ Խաչատրյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճարը օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար է:
Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է աշխատավարձի 5 %-ը: Սկսած 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե աշխատավարձի չափը գերազանցում է 500 000 դրամը, ապա սոցիալական վճարի չափը կազմում է աշխատավարձի 10 տոկոսի եւ 25.000 դրամի տարբերության չափով:
Օրենքով սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ՝ մինչեւ 2020 թվականը՝ 500 000 դրամ, սկսած 2020 թվականից՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը (մինչեւ 2020 թվականը՝ սոցիալական վճարի ամսական գումարը չի կարող գերազանցել 25.000 դրամը):
Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը գերազանցող գումարներից գործատուի (հարկային գործակալի) կողմից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են անձին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նպատակային սոցիալական վճարը պետական բյուջեի եկամուտ է: Նպատակային կատարող անձի համար օրենքով սահմանված կանոնների համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով կատարվում է կուտակային հատկացում: Կուտակային հատկացումների վերադարձելիության երաշխավորումը եւ դրա ընթացակարգը սահմանված է օրենքով: