ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԼԵՇԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց է հղել Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին անորակ դիզվառելիք բաժանելու մասին: Պատգամավորը նշել է, որ «Ֆլեշ»-ից ձեռք բերված վառելիքն այնքան անորակ է եղել, որ գյուղացիները չեն ցանկացել տրակտորները դրանցով աշխատեցնել: «Փոխանակ գյուղացիներին սուբսիդավորեիք, Դուք սուբսիդավորում եք Ֆլեշին: Ինչի՞ համար: Արդյունքում էդ մարդը վաճառում է ամենաանորակ դիզվառելիքը, որը հետո գյուղացին չի էլ օգտագործում: Սա ի՞նչ է, ինչո՞վ եք զբաղված»,-հարցրել է Զուրաբյանը, ինչին ի պատասխան՝ նյարդայնացած Սերգո Կարապետյանն ասել է. «Ես չեմ հասկանում, սա ելո՞ւյթ է, թե՞ հարց: Հարցը կոնկրե՛տ տվեք, պատասխանեմ: Տասը րոպե է՝ խոսում եք»: Այդուհանդերձ, նախարարը պատգամավորի ներկայացրած փաստարկները համոզիչ կերպով չի հերքել:

Ո՞Վ Է ԿՐԱԿԵԼ
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ նոր մանրամասներ է հրապարակել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի  դեպքի մասին: Նրա խոսքով՝ առաջին երեք կրակոցներն արձակել է նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը. ընդ որում, այդ երկու կրակոցներն ուղղված են եղել դեպքի օրը մահացած Ավետիք Բուդաղյանին, երբ վերջինս մինչեւ կրակոցները որեւէ ագրեսիա չի դրսեւորել: Հ. Ալումյանը հայտարարել է, թե դեպքի ամբողջական տեսագրությունն իրենց հիմքեր է տալիս ենթադրելու, որ շենքից կրակոց է եղել: Ինքը` Արտակ Բուդաղյանը, վնասվածքների պատճառով չի կարողացել տեսնել, միայն լսել է կրակոցի ձայնը եւ տեսել փայլը:

ԽԱՉԻԿՅԱՆԸ ԿԱԶԱՏՎԻ՞
«Երկիր»-ի տեղեկություններով` շուտով համաներման անվան տակ ազատ կարձակվի Վազգեն Խաչիկյանը: Ըստ աղբյուրի` Խաչիկյանի ընկերները հավաքել են այն գումարը, որը փոխանցելու դեպքում պետությանը հասցված վնասն ամբողջությամբ կհատուցվի: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ, այս ամենին տեղյակ, վերջերս ակտիվացրել են իրենց այցերը Խաչիկյանին:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆՆ Է ՍԿՍԵԼ
ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում կուսակցությունների վարկաբեկման գործընթացը սկսել է Ռոբերտ Քոչարյանը` բազմաթիվ արհեստածին կուսակցությունների, կլոնների ստեղծումը խրախուսելով. «Մի գործընթաց էր, որ մարդկանց մոտ հիասթափություն էր առաջացնում: Հիմա տարբեր ակտիվ երիտասարդների հետ խոսում ես, կուսակցության անդամ չեն ուզում դառնալ, կուսակցության անունից վախենում են, քանի որ կուսակցության իմաստը վարկաբեկվել է»:

ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս կվերականգնվի Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը, ինչը խզվել է 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Այդ մասին երեկ հայտարարել է իրանական առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Աբոլֆազլ Հեջազին:




Լրահոս