Ժիրայր Սէֆիլյանն այսօրվա ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ից երկրորդ նամակն է ուղարկել: Նամակում մասնավորապես ասվում է.
«Այսօր 14-րդ օրն է, որ իմ գաղափարակից ընկերներ՝ Սասնա Ծռեր խումբը կյանքի գնով շարունակում է դիմադրել, նպատակ և հույս ունենալով մեր ժողովրդի միացմանը բարձրացված ապստամբությանը։ Բոլորի համար պետք է հստակ լինի, որ տղաների անձնազոհությունը հանուն մեր երկրի և ժողովրդի է, հանուն ազատ, արդար, ժողովրդավար և ինքնիշխան հայկական պետության է։
Ինձ համար շատ դժվար էր մինչ օրս լռություն պահպանելը, և մեր ժողովրդին ուղղված տարաբնույթ կոչերով հանդես չգալը: Այդպես եմ վարվել արյունահեղությունը կանխելու նպատակ ունենալով և հավանական բանակցային գործընթացին նոր խոչընդոտներ չհարուցելու հանգամանքով։ Սակայն, առկա է մի իրականություն, որ Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը։ Դժբախտաբար, նա որոշել է ընտրել արյունալի ուղղին և մեր ժողովրդին արդեն սիրելի դարձած ապստամբ տղաներին հոգեպես, բարոյապես հյուծելու և ֆիզիկապես ջարդելու մարտավարությամբ։
Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, պարտավոր ենք իրավիճակը ճիշտ գնահատել և տղաների անձնազոհության գնով ստեղծված առկա հնարավորությունը օգտագործել ու գործել ճշգրիտ։ Ուստի, դադարեցնելու համար ամենօրյա արյունահեղությունը և կանխելու համար առաջիկա օրերի կամ ժամերի արյունալի ողբերգությունը, որպես լուծում առաջարկում եմ ժամ առաջ գետնի վրա հասնել այն վիճակին, որ մեր ժողովուրդն իր խաղաղ հավաքի իրավունքն իրացնելով, ֆիզիկապես լինի «կենդանի պատ-պատվառ» ոստիկանության և ՊՊԾ գնդի տարածքի միջև։
Նկատի ունենալով իշխանության ջանքերով վերջին երկու շաբաթվա ընթացքում հասարակության մեջ օրեցօր խորացող բևեռացումը, սույնով դիմում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, ապա նոր միայն միջազգային հանրությանը, իմ կողմից առաջարկվող տարբերակի կամ մեկ այլ՝ խնդրի խաղաղ լուծման եւ արյունահեղության կանխմանն ուղղված արդյունավետ տարբերակի կիրառման գործուն միջամտություն դրսևորելու հարցում։ Այլապես, արյունահեղությունն անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակության էլ ավելի բևեռացման։
Անշուշտ, այս առաջարկս կյանքի կոչելու համար հարկավոր է կիրառել մեծ ջանքեր, որի շնորհիվ բազմապատկելով ժողովրդի քանակը կրկնակի կամ քառակի անգամով։ Ու, այսպիսով, պարտադրելով ռեժիմին ընտրելու քաղաքակիրթ ուղղին, ընդունել ժողովրդի պահանջը և նստել բանակցության սեղանի շուրջ՝ հանգելու համար այն ոսկե միջինին, որտեղ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ ու հանգուցալուծումը պետք է լինի միայն ի շահ մեր ժողովրդի և երկրի։
Ողջունելով և բարձր գնահատելով հուլիսի 17-ից սկսված ապստամբությանը աջակցող փողոց դուրս եկած մարդկանց, կոչ եմ անում մեր ժողովրդի այն հատվածին, որը մինչ այս պահը ներգրավված չէ այս ամենին։ Կոչս մասնավորապես ուղղում եմ ՀՀ և Արցախի բնակչությանը, Ջավախքի հայությանը, ինչպես նաև արտերկրում բնակվող հայությանը ժամ առաջ հասնել ազգային վերածնունդի քաղաքական կամքի կենտրոնի վերածված Խորենացի փողոց։
Սիրելի հայրենակիցներ, պահը պատմական է, Սասնա Ծռերի տղաները կատարել են իրենց առաքելությունը, իսկ մենք պարտավոր ենք իմաստավորելու իրենց զոհաբերությունը
30.07.2016թ.
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ
Ժիրայր Սէֆիլյան»