Էրեբունիում և հարակից փողոցներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է. քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քաղաքացիների անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ:

Հաղորդագրության մեջ ասվում է.«Հարգելի քաղաքացիներ, սույն թվականի հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթելու կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քաղաքացիների անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ վերը նշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել և հավաքն անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել, ինչպես նաև նկատի ունենալով, որ առկա է մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող իրական վտանգ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի նշված հատվածներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է»:




Լրահոս