ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նախօրեին ռուսական Life.ru հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հակահայկական մի շարք հայտարարություններ է արել, որոնց, սակայն ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ արձագանքել հարկ չի համարում: Մասնավորապես, Ժիրինովկին, պատասխանելով Հայաստանում ծավալվող վերջին զարգացումների շուրջ հարցին՝ ասել է. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը», ապա մի քանի այլ սկանդալային հայտարարություններ արել:
Այն, որ Ժիրինովսկուն վաղուց ի վեր լուրջ չեն վերաբերում, դա փաստ է, սակայն փաստ է նաև այն, որ նրա հայտարարություններում պետք է ավելի խորքային բաներ տեսնել և հասկանալ, որ այս կերպ նա ցուցադրում է նաև ռուսական վերնախավի վերաբերմունքն իրենց դաշնակից Հայաստանի նկատմամբ: Եվ իհարկե, այս դեպքում տեղին չէ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսակ Տիգրան Բալայանի այն մեկնաբանությունը, որ Ժիրինովսկուն մեկնաբանել կամ նրա ասելիքը հասկանալ ոչ ոք չի փորձում:
Առաջին անգամը չէ, երբ Ժիրինովսկին հակահայկական հայտարարություններ է անում, սակայն նկատենք, որ երբ Ժիրինովսկին թթու խոսքեր է ասում Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին, դա մեծ ոգևորությամբ է ընդունվում Հայաստանում և դա մեկնաբանողների պակաս չի զգացվում:
Մեջբերենք քաղաքական ծաղրածուի` Հայաստանին վերաբերող հայտարարություններից մի քանիսը, որոնք արվել են վերջին ամիսներին:
25.04.2016թ
Ադրբեջանը Թուրքիայի հրամանով հարձակում գործեց Ղարաբաղի վրա, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի աջակցել Հայաստանին՝ հակահարված հասցնելու համար: Այս մասին նա նշել էր «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ: «Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանին, սակայն միևնույնն է` հաղթանակը մերն է»,- հայտարարել է սույն Ժիրինովսկին:
29.06.2016թ.
«Ես զբաղվում եմ Թուրքիայով 52 տարի: Հեռանկարում այս երկիրը կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից և ՇՀԿ, Մաքսային միության անդամ դառնալ, և նա առավել մոտ կլինի Ռուսաստանին, քան եղբայրական Բելառուսը կամ Ղրղզստանը, և նույնիսկ Հայաստանը»,- ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները:
07.07.2016թ.
«Թուրքիան հիանալի հնարավորություններ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Եթե Ռուսաստանն ու Թուրքիան միավորվեն, ապա կարող են լուծել Ղարաբաղի հարցը, և Ադրբեջանը բավարարված կլինի», -համոզված հայտարարել է Ժիրինովսկին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը` ԼԴՊՌ-ի առաջնորդն ասել է. «Թող Կրեմլում որոշեն, մեր նախագահը թող որոշի: Սակայն կարելի է հատուկ կարգավիճակ փնտրել ԼՂ համար, որպեսզի բավարարված լինեն և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները»:
Սա Ժիրինովսկու` Հայաստանի մասին հայտարարությունների մի փոքր հատվածն է միայն, որոնցում նա ջանք ու եռանդ չի խնայում գովաբանելու Թուրքիային, այն դեպքում, երբ նմանօրինակ հայտարարություններից ամիսներ առաջ վատաբանում էր այդ երկրին և խոսում նույնիսկ այդ պետության ոչնչացման մասին:
17.03.2016թ.
«Իհարկե, մենք աջակցում ենք և՛ հայերին, և՛ քրդերին, և՛ հույներին, և՛ բուլղարացիներին, և՛ սիրիացիներին: Նրանք բոլորն ատում են Թուրքիային: Թուրքիան շրջապատված է թշնամիներով»,- նշել էր նա:
Ժիրինովսկու` այսօրվա հայտարարության առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, ով նշել էր. «Հաչում է, դուրս է տալիս ինչպես իրեն պետք է: Գավառական մտածողությամբ կայսերական, պալատական ամբարտավանություն է: Այստեղ արդեն մեր ԱԳՆ պետք է քնից արթնանա և թքի Ժիրինովսկու և նրան պատվեր տվողների վրա, ինչու են լռում: Եթե վրացիներին նման բան ասեին, նրանք ինչ կանեին, եթե անգամ ռազմավարական դաշնակից էլ չլինեինք դա դեռ չէր նշանակի, որ կարող է իրենից դուրս տալ և քծնել Ադրբեջանին»:
Իհարկե, Ժիրինովսկուն վատաբանող նման հայտարարություններ և արձագանքներ շատ կլինեն, սակայն մեկ բան ակնհայտ է` այս մարդը ցույց է տալիս ռուսական վերնախավի վերաբերմունքը մեր նկատմամբ, և այս դեպքում կարևոր է, որպեսզի նրան պատասխան տրվի պետական մակարդակով:
Նաիրա Հովհաննիսյան