ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, քանի որ նրանց հետ կապի բոլոր միջոցները վերացվել են, իսկ կապ ապահովող գործիչներն էլ` տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել: Ցերեկվա ընթացքում մի շարք բժիշկներ շարունակում էին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից պահանջել, որպեսզի նրանք ազատ արձակեն շտապօգնության երկու բժիշկներին եւ բուժքրոջը, որոնք արդեն երկրորդ օրն է՝ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Սակայն կոչերը մնացին օդում:
Զինված խմբավորման անդամների ոչնչացումը թույլ չտալու նպատակով բողոքի ցույցն էլ երեկ տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Խորենացի փողոցում համեմատաբար անդորր էր: Ազատության հրապարակից, ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ մարդիկ ուղեւորվեցին դեպի Բաղրամյան փողոց: Սակայն հորդառատ անձրեւի տակ հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկ, մի առ ժամանակ կանգ առան եւ կրկին վերադարձան հրապարակ, ապա ցրվեցին՝ խոստանալով վերադառնալ:
Տպավորություն է, որ հուլիսի 17-ից մեր երկրում ստեղծված իրավիճակը մի տեսակ «կանգ է առել»: Նկատենք, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երեւան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց. նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետեւ լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց… Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի: Երկու օր է՝ երկու կողմերն էլ լռում են. ո՛չ ոստիկանական մեքենաներ են այրվում, ո՛չ էլ վիրավոր զինյալների մասին ենք լսում:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ արդեն երկու օր է՝ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության եւ զինյալների միջեւ: Դարձյալ պրոցեսը գտնվում է գեներալ Բալասանյանի ձեռքին: Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն եւ քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի: Բայց մյուս կողմից էլ իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չեն կրի հանձնվելուց հետո: Ահա, այսպիսի բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը արդեն 13 օր է՝ չի գտնվում:
«Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք եւ բռնություն: Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետեւյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են»: Իսկ ինչ ճակատագիր է սպասվում հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին. «Ժողովուրդ»-ի այս հարցին գլխավոր դատախազը պատասխանեց. «Հարուցված է քրեական գործ, եւ իրավիճակն ինքնին դեռեւս ակտիվ եւ զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, եւ հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չէ»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ ՀՀ ֆինանսների նախարարության ու պետեկամուտների կոմիտեի, ասել է թե` մեր երկրի փող հավաքող ու ծախսող մարմինների մասնագետները փորձում են պարզել, թե պետական բյուջեի հաշվեհամարներին հավաքվող հարկերը ինչու են նախատեսվածից շեշտակի պակասել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, հուլիս ամսվա երկրորդ կեսի հարկային մուտքերը կտրուկ նվազել են: Մասնագիտական կարծիք կա, որ քիչ հարկ վճարելու պատճառը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված խուճապային տրամադրություններն են: Տպավորություն է, թե «երկիրը կանգնել է», բոլորն ինչ-որ բանի են սպասում: Բայց եթե ուսումնասիրությամբ պարզվի, որ տնտեսվարողները օբյեկտիվ պատճառներով են քիչ հարկ վճարում, կնշանակի, որ Հայաստանի տնտեսության ճգնաժամն ավելի է խորացել: Մյուս կողմից բացառված չէ, որ տնտեսվարողները պարզապես որոշել են օգտվել նախընտրական տարվա ընձեռած հնարավորություններից եւ քիչ են հարկ վճարել` համոզված լինելով, որ չեն ճնշվի:
Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան: «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին: Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավ մոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով: Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաեւ առողջապահության ոլորտում: Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին «Սլավմեդ»-ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը ուսումնասիրելու եւ գնահատելու է «Սլավմեդ»-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես:
ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
Երեւանում 13-րդ օրը շարունակվող արտակարգ իրավիճակում համառորեն քար լռություն պահանող իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական ԳՄ նիստն էր հրավիրել, որից հետո Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ինչպես միշտ, զավեշտալի հայտարարություններ արեց. «Մեր մոտեցումը եղել է եւ մնում է այն, որ հայը հայի վրա չպիտի կրակի, եւ իշխանությունը արել է ամեն բան, որպեսզի արյուն չհեղվի»: Նախ՝ անհասկանալի է, թե ինչ ասել է, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյան, ով նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, ասում է, թե հայը հայի վրա չպետք է կրակի: Ներողություն, իսկ կարող է հայը, օրինակ, եզդու, ռուսի կամ ասորու վրա կրակե՞լ: Նաղդալյանը նաեւ անդրադարձավ Աժ արտահերթ նիստ չհրավիրելու պատճառին՝ հերթական անտրամաբանական բացատրությունը ներկայացնելով. «Այսօր գնում են դատական նիստեր, որոշումներ են կայացվում, եւ պատգամավորների կողմից որեւէ կոչերը կարող են ավելի լարել իրավիճակը»: Փաստորեն, եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա երկրիս Աժ-ն առհասարակ որեւէ անելիք չունի, քանի որ այս կամ այն հարցի շուրջ պատգամավորների հայտարարությունները կարող են լարել իրավիճակը: Դեռ լավ է, որ, օրինակ, Մարտի 1-ից հետո Աժ նիստերը չեն կասեցվել: Փաստորեն այն ժամանակ չէին հասկանում, որ պատգամավորներն իրենց հայտարարություններով ավելի կլարեն իրավիճակը:
Նաղդալյանի հաջորդ հայտարարությունը վերաբերում է ղարաբաղյան բանակցային գործընթացին. «Եթե խոսվում է հողերի հանձնման մասին, պետք է նախ հասկանանք՝ ինչ ունենք իրականության մեջ, ինչ բանակցություններ կարող են սկսվել եւ ընթանալ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ»,-ասում է տիկինը: Լավ, հասկանանք, բայց ինչպե՞ս, եթե չկա ճշմարիտ տեղեկատվություն, եթե Սերժ Սարգսյանը միայն 2016 ապրիլին է խոստովանում, որ, օրինակ, 2011-ին պատրաստ է եղել ստորագրել Կազանյան փաստաթուղթը եւ հանձնել ազատագրված 5 շրջանները: Եվ, ի վերջո, երեկվա ամենակարեւոր միտքը տիկին փոխխոսնակի շուրթերից. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է ասել, որ ՀՀ իշխանությունները երբեւիցե կգնան նրան, որ ազատագրված հողերը հանձնվեն»: Փաստորեն, Նաղդալյանը ոչ միայն սեփական շեֆի՝ արդեն հիշատակված հարցազրույցը չի տեսել, այլեւ ապրում է Լուսնի վրա, այլապես կիմանար, որ ոչ թե «ինչ-որ մեկը», այլ Խորենացի փողոցում տասն օր հավաքվող հազարավոր քաղաքացիները ոչ թե ասում են, այլ համոզված են, որ հենց ազատագրված տարածքների հանձնման գործընթացի կասեցման համար է անհրաժեշտ իրենց պայքարը:
Եվ դեռ այսքանից հետո էլ ապրիլյան քառօրյայի օրերին ազատագրված տարածքները «բուֆերային գոտի» որակող եւ դրանց վրա հայկական կողմի օրինական իրավունքները կասկածի տակ դնող Նաղդալյանը հայտարարում է. «Մենք պետք է կարողանանք իսկապես ճիշտ դասեր քաղել այս ամենից»: