ՄԱՐԶՊԵՏԻ ՏԱՆԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾԻ ԴԵՄՔԸ ՊԱՐԶ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տան գողության դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն իրավապահների համար այս գողության բացահայտումը դարձել է պատուհաս: Բանն այն է որ իրավապահները պատրաստել են Հովիկ Աբովյանի տուն մուտք գործած անձանց ֆոտոռոբոտը, սակայն անգամ այս հանգամանքը չի օգնում նրանց բացահայտել գողության դեպքը:

Վարկածներից մեկը
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հանցագործությունը կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցներով բացել էին ու մտել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար: Ընդհանուր գողոնը, մոտավոր հաշվարկներով, կազմել է մոտ 200 հազար դոլար:
Նկատենք, որ դեպքի օրը մարզպետը եւ իր ընտանիքի անդամները տանը չէին եղել, եւ վարկածներից մեկն է, որ գողը կամ գողերը մարզպետի մտերիմ շրջապատից են եղել, կամ էլ նրանցից մեկի պատվերով են այն իրականացրել: Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաեւ իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված:
Ինչեւէ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, բնակարան ապօրինի մուտք գործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

7 ամիս անց
Փաստի առթիվ հարուցված քրեական գործից անցել է 7 ամիս եւ «Ժողովուրդ»-ին այս գործով որոշ մանրամասներ ի հայտ եկան: Ըստ այդմ, Հովիկ Աբովյանի տուն մուտք գործած անձինք եղել են ընդամենը երեք հոգի, որոնք առանձնատուն մտել են՝ պատշգամբի վրայից ցատկելով: Նրանցից մեկը հսկել է տան տարածքը, իսկ, ահա, մյուս երկու անձինք, վնասելով տան դուռը, մուտք են գործել առանձնատուն: Մարզպետ Հովիկ Աբովյանի տան տեսախցիկները արձանագրել են այս ընթացքը: Ու թվում էր, թե իրավապահների համար պետք է գործը առավել հեշտ բացահայտվողներից լիներ, բայց ոչ:

Կոտրել են տեսախցիկը
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հանցագործներից մեկը դեմքը կիսափակ վիճակում մոտեցել է տեսախցիկներից մեկին եւ կոտրել այն, որից հետո առավել հանգիստ գործի են անցել, թալանել մարզպետի առանձնատունը:
Սակայն իրավապահները առանձնատան կոտրված տեսախցիկներից մեկի միջոցով կարողացել են արձանագրել հանցագործներից մեկի դեմքը եւ պատրաստել կասկածյալի ֆոտոռոբոտը (նկարում): Այս պատկերը իրավապահները բաժանել են շատ բնակիչների՝ հարցուփորձ անելով, թե արդյոք ճանաչում են ենթադրյալ հանցագործին:

Մարզպետին հարցաքննել են
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ հայտնել, որ որեւէ մեկի նկատմամբ կասկածներ չունի եւ, առհասարակ, թշնամիներ էլ չունի, որ կասկածի, թե ով կարող էր իր անձի նկատմամբ նման քայլ կատարել:
Ի դեպ, այս գործով կան վկաներ, որոնք, ըստ ամենայնի, տեսել են, թե ուշ ժամի ինչպես են մարզպետի տանից ձայներ լսվում, կամ ինչպես է լապտերի լույս ընկել տարածքում ու անհետացել: Հարցաքննված վկաների մեջ եղել են նաեւ պոտենցիալ կասկածյալներ, որոնցից որեւէ մեկի մասով իրավապահները չեն կարողացել հիմնավոր ապացույցներ ձեռք բերել՝ մեղադրանք առաջադրելու համար:
Հավելենք, որ բնակարանային գողության դեպքերը, անգամ պաշտոնական վիճակագրական տվյալներով, կտրուկ ավելացել են վերջին երկու-երեք տարիների ընթացքում: Գողության այդ տեսակը համարվում է ամենադժվար բացահայտվող հանցատեսակը, քանի որ հաճախ այնպիսի պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերվում, որ բոլոր հետքերը կորում են: Իսկ իրավապահներն էլ զբաղված են քաղաքական գործունեությամբ զբաղվողների նկատմամբ «գործեր կարելով», եւ գողությունների գործերը բացահայտելու «ժամանակ» քիչ է մնում:
Հուսանք՝ մարզպետի տան գողության դեպքը շուտով կբացահայտվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈՒ ՍՊԱՆԵՑ ՀՈՐԸ
Նախօրեին ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի 9/1 շենքում մահացել է 49-ամյա Վալերի Թումանյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Ալավերդի Թումասյանի որդին՝ Վալերի Թումասյանը, ահազանգել էր շտապօգնություն եւ հայտնել, որ հայրը վայր է ընկել եւ ստացած մարմնական վնասվածքից մահացել, սակայն հարազատների պնդումները հիմք չէին եղել իրավապահների համար, եւ վերջիններս հետաքննություն էին սկսել՝ հասկանալու համար Վալերի Թումանյանի մահվան պատճառը:
Եւ, ահա, պարզվել է, որ Վալերի Թումանյանը ալկոհոլի նկատմամբ հակում է ունեցել, եւ հայրը մշտապես նրան նախատել է, որ դադարեցնի հարբեցողությամբ զբաղվելը եւ նորմալ կյանքի վերադառնա ու ընտանիք կազմի: Օրեր առաջ որդին այլ երկիր մեկնելու համար տոմս է գնել: Երբ վերադարձել է տուն, հայրը հարցրել է, թե ուր է տոմսի համար նախատեսված գումարի մնացած մասը, որդին ասել է, որ գարեջուր է գնել, ինչից հետո հոր ու որդու միջեւ սկսվել է վիճաբանություն, եւ նա խեղդամահ է արել հորը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` սպանություն, Վալերի Թումասյանը կալանավորված է:

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԻՆ
2016 թվականի հուլիսի 27-ին ՀՀ արդարադատության խորհուրդը քննարկեց ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանին ու Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Խորհուրդը որոշեց Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանի վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ: Իսկ, ահա, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին նախազգուշացում տվեց:
Հիշեցնենք, որ դատավորներին պատժելու միջնորդությամբ ԱԽ-ին դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը:

 

 

ԿՈՊԻՏ ՍԽԱԼ
«Հայաստանում միշտ կարող է լինել 5 տոկոս, որոնց համար Հայաստանը բեռ է: Իշխանությունները սխալ արեցին, որ չգնացին ընդառաջ, պետք է քաղբանտարկյալներին ազատ արձակեին: Եվ Վիտալի Բալասանյանին տային բոլոր լիազորությունները բանակցելու համար»,- անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին՝ ասել է Ազատ Արշակյանը: Վերջինիս փոխանցմամբ` եթե մարդն իր կամքին հակառակ գտնվում է մի վայրում, որտեղից չի կարողանում դուրս գալ, ապա դա պետք է միայն պատանդ որակել: «Հանցագործություն է բժշկին պատանդ պահելը: Ես կարծում եմ, որ կոպիտ սխալ թույլ տվեցին զինյալները»:

 

 
ԲԱՐԻԿԱԴԻ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ
Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. հուլիսի 17-ին ՀՀ ՊՊԾ գնդի վրա զինված խմբի կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում հեղվեց հայի արյուն, ծանր հարված հասցվեց մեր ազգի հեղինակությանը: Անչափ ցավալի է, որ այդ գործողության կազմակերպիչներից ոմանք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են… Մարդիկ, որոնց հետ կողք կողքի, նույն խրամատում կանգնած, պաշտպանել ենք հող-հայրենին, իսկ այսօր, կարծես թե, հայտնվել ենք բարիկադի տարբեր կողմերում: … Այսքանից հետո մենք` ձեր երեկվա մարտընկերները, սխալվել, թե՞ պարզապես երեւակայության ուժով հավատացել ենք, որ հանձինս ձեզ ունենք հայրենիքի ճակատագրով մտահոգ զինակիցներ… Դատելով ստեղծված ծանր իրավիճակից՝ պարզվում է, որ սխալվել ենք… Սխալվել ենք, քանի որ ձեր ընտրած ճանապարհով դուք հյուծում եք ազգն ու հայրենիքը, այլ ոչ թե տանում հզորացման… Չմոռանանք, որ ապրիլյան դեպքերից շատ կարճ ժամանակ է անցել, եւ չի բացառվում առավել դաժան ու երկարատեւ առճակատման հավանականությունը… Հանգամանք, որը մեզ հուշում է ոչ թե ներքին ընդվզումներով ջլատել մեր համազգային դիմադրողականությունը, այլ առաջնորդվել միաբանվածության եւ համախմբվածության տեսլականով… Գիտակցեք, որ պառակտիչ գործողություններով դուք թուլացնում եք առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող Հայաստանը… Իսկ թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաեւ Արցախի ապագան»:

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ ձերբակալված անձանց պահելու վայր եւ առանձնազրույց ունեցել նախօրեին ձերբակալված Ալեք Ենիգոմշյանի եւ նրա պաշտպանի հետ: Ալեք Ենիգոմշյանի եւ նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: Արդյունքում՝ Ա. Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաեւ ռադիո ընդունիչ:

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Երեկ ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը մտնում նախագահական նստավայր: Ըստ երեւույթին, Կուտոյանը նոր հանձնարարական ստանալու էր գնում՝ կապված «Սասնա ծռեր» զինված խմբի վնասազերծման հետ: Ի դեպ, թղթակիցը նկատել է նաեւ, որ ԱԱԾ տնօրենի պաշտպանությունն աննախադեպ խստացված է:




Լրահոս