ՀԱՐՑ. Այսքան խոսվում է գնաճի եւ դրա հետեւանքների մասին: Հետաքրքիր է իմանալ, թե գնաճի ինչ տեսակներ կան, եւ դրանցից որն է նպատակադրում ՀՀ կենտրոնական բանկը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Եթե, օրինակ, համեմատում ենք 2012թ. մարտի գների մակարդակը 2011թ. մարտի գների հետ, ապա ստացվում է 12-ամսյա գնաճ՝ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Իսկ երբ համեմատում ենք 2012թ. հունվար-մարտի գնաճը 2011թ. հունվար-մարտի գների մակարդակի հետ, ապա դա գնաճի միջին ցուցանիշ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Երբ համեմատում ենք 2012թ. մարտի գների մակարդակը 2012թ. փետրվարի գների մակարդակի հետ, այն ամսական ցուցանիշ է ժամանակահատվածի վերջի դրությամբ եւ այսպես շարունակ: Գնաճի ցուցանիշները տարբերակվում են նաեւ ընդգրկմամբ. օրինակ՝ ընդհանուր կամ բնականոն, որոնց տարբերությունը ներկայացված է կետ 3-ում:
Գնաճի ցուցանիշների այս բազմազանությունից ԿԲ-ն նպատակադրում է 12-ամսյա ցուցանիշը՝ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Այսինքն՝ ԿԲ-ն նպատակադրում է յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 12-ամսյա գնաճը 4%+-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում պահելու համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ԿԲ-ն նպատակադրում է այս կամ այն ցուցանիշը, ամեն դեպքում գնաճի՝ արագ տեմպերով տարածումն ահռելի բացասական ազդեցություն ունեցավ հասարակության մեծամասնության ապրելակերպի վրա: