Երեկ Պուտին-Սարգսյան հանդիպմանը Պուտինը, շնորհավորելով Սերժ Սարգսյանին, ասաց, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն 10 %-ով աճել է:
Այս հայտարարությունը բուռն քննարկվեց Հայաստանում. մեծամասամբ քննադատական գնահատականներով: Մարդիկ շեշտում են, որ Հայաստանում նման աճ չի արձանագրվել, Պուտինին «փոխանցած» թվերը շինծու են:
Ավելին, Պուտինի հայտարարությանը հետևել է Սերժ Սարգսյանի նշված խոսքը. «Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին և խոչընդոտներին, մեր առևտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել և զարգացնել այդ դինամիկան»:
Ստեղծված անորոշության շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ այնտեղ կատակ ռեժիմով զրույց էր տեղի ունենում, որովհետև այնտեղ թվեր բարձրացվեցին, որոնց մասին ես անձամբ` որպես ՀՀ քաղաքացի, տեղյակ չեմ, և այս մասին տեղյակ չի ոչ մեկը: Պարզվում է` մենք 10% աճ ունենք: Դրա համար ես մտածեցի` դժվար, թե այդ մակարդակում չիմանային այդ մասին, մտածեցի՝ երևի, կատակ են անում իրար հետ»:
Տնտեսագետի խոսքով՝ նման թվերի բարձրաձայնումը զավեշտի դաշտից է, որովհետև դրա հիմքում չկա որևէ ամրապնդում:
«Նույնիսկ պաշտոնական տվյալներով մենք ընդհանրապես գտնվում ենք շատ ոչ ցանկալի վիճակում: Ինչի՞ մասին է խոսքը»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը:
Լիդա Եղիազարյան