Երեկ լրացավ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը, եւ ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վահան Շիրխանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար, արդյունքում դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մինչ ԱԱԾ-ն 8 ամիս կալանքի տակ է պահում նախկին փոխնախարարին, վերջինիս պաշտպանները ԱԱԾ-ի կողմից թույլ տված մի շարք իրավախախտումների մասով արձանագրություն են կազմել, որը մինչ օգոստոսի վերջ կուղարկեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Բողոքում են
Ինչպես գիտենք՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «զինված հանցավոր խմբավորում»: Ըստ ԱԱԾ-ի` խմբավորման անդամների նպատակը եղել է Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելը: Իրավապահների ներկայացմամբ՝ հանցախումբը ղեկավարվել է «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից:
Ինչեւէ: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մի խումբ փաստաբաններ բարձրաձայնում են, որ արդեն 4 ամիս է՝ այս քրեական գործով քննչական գործողություններ չեն իրականացվում, փոխարենը ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան եւ երկարաձգում է իրենց պաշտպանյալների կալանքի ժամկետը, իսկ իրենք բողոքարկում են այդ որոշումները, սակայն ապարդյուն, քանի որ սայլը տեղից չի շարժվում, եւ իրենց բողոքները մերժվում են:
«Սառնա ծռերն» ու «Հայոց Վահանը»
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ էին տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն, կամ նրանց խափանման միջոցը՝ կալանքը, պետք է փոխարինվեր ստորագրությամբ չհեռանալու մասին կամ որոշ անձանց մասով գործը պետք է ուղարկվեր դատարան, սակայն տեղի է ունենում անկանխատեսելին:
Հուլիսի 17-ին՝ հայտնի իրադարձություններից հետո, ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացնում դատարան, եւ այս գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը՝ կալանքը, երկարաձգվում է եւս երկու ամսով: Ինչպես նկատում ենք՝ ազգային անվտանգության ծառայությունը պատահական չի գնացել այդ քայլին. խորը հաշվարկներից եւ, ըստ էության, նախաքննության շահերից ելնելով է հանցավոր խմբավորման անդամների կալանքը երկարաձգել:
Բանն այն է, որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ազգային անվտանգության ծառայությունը այս օրերին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից շատերին տեղափոխել է Երեւան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, եւ դեռ ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին պահում է այնպիսի խցերում, որտեղ արդեն ամիսներ շարունակ կալանքի տակ են գտնվում «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված «հանցավոր» խմբի անդամները:
Ամենյան հավանականությամբ, ԱԱԾ-ն այս երկու խմբավորման անդամներին նույն խցում պահելով՝ կոնկրետ նպատակ ունի. որպեսզի լսի երկու խմբավորման անդամների խոսակցությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նրանք ինչ-որ կերպ կապ են ունեցել միմյանց հետ եւ, առհասարակ, ինչ են խոսում իրար հետ, որը կարող է քննիչների համար նոր բացահայտման հիմք դառնալ: Ու մինչ նախաքննություն իրականացնող մարմինը փորձում է նոր բացահայտումներ անել նոյեմբերի 25-ի «հանցավոր խմբավորման» գործով, կալանավորվածների հարազատները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
«Պլանավորված սպանության փորձ»
Ինչպես գիտենք՝ ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի գործով արդեն 8 ամիս կալանքի տակ է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Վահան Շիրխանյանի հարազատները բարձրաձայնում են, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ համապատասխան փաստաթղթեր են ներկայացնում նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն ԱԱԾ-ն հրաժարվում է Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել կամ, առհասարակ, գրավի դիմաց ազատ արձակել:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հունիսին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում մի շարք քրեական գործերով հայտնի փաստաբաներից մեկը գործուղվել է Հայաստան, որպեսզի անձամբ հանդիպի Վահան Շիրխանյանի եւ, ամենայն հավանականությամբ, ստանձնի նրա պաշտպանությունը, սակայն նրան թույլ չեն տվել հանդիպել Վահան Շիրխանյանին:
Չի բացառվում, որ Եվրոպայից գործուղված փաստաբանը չի ունեցել Հայաստանի փաստաբաների պալատի արտոնագիրը, եւ դա է եղել պատճառը, որ նրան թույլ չեն տվել հանդիպել Վահան Շիրխանյանին: Ինչեւէ, չնայած ստեղծված իրավիճակին՝ վերջինիս պաշտպանները ԱԱԾ-ի կողմից թույլ տված մի շարք իրավախախտումների մասով արձանագրություն են կազմել, որը մինչ օգոստոսի վերջ կուղարկեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Ի դեպ, երեկ լրացավ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի երկամսյա կալանքի ժամկետը, եւ ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վահան Շիրխանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար, արդյունքում դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինիս որդին՝ Գրիգոր Շիրխանյանը, ասաց, որ իր հայրիկի վիճակը շատ ծանր է, եւ ինքը կոչ է անում այն մարդկանց, ովքեր այս խաղի մեջ են ընկել եւ ծառայում են, մի քիչ ադեկվատ լինեն, քանի որ մի քանի ամիս հետո բոլորը կարող են պատժվել. «Օգոստոսի 10-ին նյարդաբանը այցելել է ու տեսնելով հորս՝ ապշել է, թե ինչ վիճակով են նրան բերել: Ինքը ինքնուրույն չի կարողանում քայլել, թեւերը ընկած են բերել, այնքան հյուծված է:
Ինքը ունի լուրջ խնդիրներ՝ անոթների հետ կապված, գլխուղեղի սնուցման հետ կապված, արյունը լավ չի սնուցվում, եւ ամբողջը տրոմբոզներով է լցված, արյան անալիզը նորմայի ցուցանիշից ավելի բարձր է: Երեկ նյարդաբանը տեսնելով ասել է, որ այս պայմաններում չեն կարող նրան պահել, եւ անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց: Իսկ իրենք դա թույլ չեն տալիս: Հորս գալիս է, տեսակցում է անհայտ ձագումով մի բժիշկ եւ մեկնաբանում, որ ամեն ինչ նորմալ է, իսկ երբ մենք ենք նորմալ բժշկի ուղարկում, հստակ ասում են, որ այս պայմաններում նրան պահել չի կարելի»:
Ըստ Գրիգոր Շիրխանյանի` իրենց առաջարկել են, որ Վահան Շիրխանյանին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն իրենք հրաժարվել են. «Անիմաստ է, քանի որ այնտեղ չկան այն մասնագետները, այն սարքավորումները, որոնք կօգնեն հորս այդ վիճակից դուրս գալ:
Դատապարտյալների հիվանդանոցի հակահիգենիկ, ոչ պրոֆեսիոնալ մակարդակի մասին բոլորը գիտեն, եւ անգամ այս վերջին դեպքերով ինչքան բարձրաձայնվեց: Սա գնահատում ենք որպես պլանավորված սպանության փորձ, որեւէ այլ կերպ չենք կարող սա դիտարկել»:
Քնար Մանուկյան