ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնեցրել են մաքսային օրենսգրքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նոր տարբերակի հարցում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մամուլի ծառայությունից: Փաստաթղթի համաձայն՝ արտաքին սահմաններին մաքսային ձևակերպումները կմիասնականացվեն, իսկ ապրանքների տեղափոխման պայմանները նկատելիորեն կպարզեցվեն:

Նիստի ընթացքում նաև հավանության են արժանացել փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ԵԱՏՄ անդամ երկրներում դեղորայքի միասնական շուկա ձևավորելու համար: Դա հնարավորություն կտա դեղերի միասնական շուկա ստեղծել` դեղերի գրանցման միասնական ընթացակարգերով: Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան) կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մաքսային օրենսգիրքը հենց այն փաստաթուղթն է, որին սպասել է բիզնեսը: Սարգսյանը հավելել է, որ այն մշակվել է ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների հետ համատեղ և նրանում հաշվի են առնվել բոլոր դիտողությունները: «Ակնհայտ է, որ այս փաստաթուղթը լուրջ խթան կհանդիսանա Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացման համար»,­- ասել է Տիգրան Սարգսյանը:




Լրահոս