«ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԵԿԵԼ ԷՐ ՁԵՌՔՍ ԽՆԴՐԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից-հարցազրույցների շարք, որոնց միջոցով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները կբացահայտվեն նոր, հետաքրքիր տեսանկյուններից: Նրանք կխոսեն այնպիսի թեմաների շուրջ, որոնց մասին, գուցե, նախկինում լռել են: Մեր հյուրերը կանդրադառնան իրենց էությանը բնորոշ գծերին, կբնութագրեն իրենք իրենց` կողքից նայելով սեփական դիմանկարին: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի Գաբի Գալոյանի հետ:

-Գաբի՛, օրվա Ձեր ամենասիրելի հատվածը:
-Ուշ գիշերը, երբ բոլորը քնած են, իսկ ես արթուն եմ եւ միայնակ եմ: Հիմնականում այդ պահերին էլ երգելու մուսան այցելում է ինձ:
-Բույր, որը լավ տրամադրություն է հաղորդում:
-Խոտի, կանաչիի հոտը:
-Հագուստի նախընտրելի ոճը:
-Շատերի համար գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ հոգեհարազատ է սթրիթ սթայլը` հանգիստ եւ հարմարավետ: Ես մի մարդ եմ բեմում, բոլորովին այլ մարդ` առօրյայում:
-Գրքի հերոս, որը հոգեհարազատ է Ձեզ:
-Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի Սառան: Նրա էմոցիոնալ, ոչ ստանդարտ տեսակը երբեմն նմանեցնում եմ ինձ:
-Սեւակն ասում է` «Եթե ասեմ` բոց կլինի, եթե չասեմ` խոց կլինի»: Դուք ո՞ր տարբերակն եք նախընտրում:
-Չասելը: Ինքս կոնֆլիկտներ չեմ սիրում, առավել եւս չեմ ստեղծում:
-Ձեզ երբեմն խաբում է մարդու…
-Խոսքը: Շատ եմ վստահում մարդկանց, հավատում եմ նրանց, այնպես որ կարող եմ նաեւ խաբվել:
-Ո՞ր դեպքում եք մարդկանց հեռու վանում Ձեզանից:
-Երբ ինձ հետ անազնիվ են վարվում: Մարդկային հարաբերություններում շատ եմ կարեւորում նվիրվածությունը:
-Ո՞վ կարող է փչացնել Ձեր տրամադրությունը:
-Ասեմ, որ դա այդքան էլ հեշտ չէ, բայց տրամադրությունս փոխողը պետք է ինձ հարազատ մեկը լինի:
-Մի հատկություն, որ տղամարդիկ առաջինն են նկատում Ձեր մեջ:
-Կանացիությունը:
-Ձեր արտաքինի մեջ ի՞նչը կփոխեիք:
-Ես կփոխեի ոչ թե արտաքինս, այլ այն հանգամանքները, որոնք անմիջականորեն ազդում են իմ տրամադրության վրա, ինչի հետեւանքով էլ նման պահերին ես իմ աչքին տգեղ եմ երեւում:
-Ինքներդ Ձեզ ի՞նչ կենդանու եք նմանեցնում:
-Սկյուռիկի (ծիծաղում է):
-Ամենաանհավանական խենթությունը, որ երբեւէ արել եք:
-Այնքան շատ են եղել նման դեպքեր: Օրինակ` օտար, եվրոպական երկրներից մեկում դասերից բացակայել էի, բայց որպեսզի այդ բացակայությունները չհաշվեին, բժշկի թուղթ էին ուզում, այդպես՝ ստիպված հաջողացրի կեղծ թուղթ ստանալ (ծիծաղում է):
-Ո՞րն է տղամարդկանց ամենաանտանելի բնավորությունը:
-Որոշների դեպքում` անողնաշար լինելը, իսկ, առհասարակ, խոստովանեմ, որ տղամարդկանց ավելի լավ եմ հասկանում, քան կանանց:
-Հասարակական առումով Ձեզ ակտիվ մարդ համարո՞ւմ եք:
-Երբ ժողովրդին վտանգ է սպառնում, ես ինքնըստինքյան մտնում եմ պայքարի մեջ, կանգնում եմ նրա կողքին:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Հավատարիմ մեկը: Ընդհանրապես, իմ ընկերների հետ ծանոթ եմ արդեն 10-15 տարի: Տարիներ են հարկավոր, որ տվյալ մարդու հետ մտերմանամ:
-Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ վեճի հիմնական թեման:
-Որոշ թեթեւ տարաձայնություններ ունենում եմ մորս հետ. դրանք հիմնականում առնչվում են արվեստի բնագավառին: Մայրս իմ առաջին քննադատն է եւ շատ դեպքերում չի համաձայնում այն ամենի հետ, ինչ ես անում եմ: Իսկ, առհասարակ, ես ինձ թույլ չեմ տալիս մեծերի հետ վեճի բռնվել:
-Երկրպագուի ծայրահեղ քայլ, որը չեք մոռացել:
-Մի սիրիահայ տղա առանց ինձ զգուշացնելու եկել էր մորիցս ձեռքս խնդրելու: Ես այդ ժամանակ երկրում չէի: Այդ տղան եկել էր, մորս հետ շփվել էին, մայրս էլ, բնականաբար, առանց իմ համաձայնության չէր կարող որեւէ որոշում կայացնել: Անկեղծ ասած` այդ տղայի քայլը մի փոքր զայրացրել էր ինձ, քանի որ չեմ սիրում նման ծայրահեղ արարքներ:
-Եթե կրկին աշխարհ գալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կերպարով կցանկանայիք ծնվել:
-Չեմ կարող կոնկրետ ասել, բայց կուզենայի, որ նա լիներ ինքնատիպ ու նպատակասլաց մեկը, որը, ինչպես եւ ես, կարող է զրոյից հասնել իր նպատակակետին:

 

 

 
ԱՆԴՈՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Շուտով հումորային նախագծերի սիրահարներին անակնկալ է սպասվում: «Շանթ» հեռուստաընկերությամբ կմեկնարկի նոր սիթքոմ, որտեղ կխաղան Լեւոն Հարությունյանը, Զառա Սահակյանը, Լեւոն Մուրադյանը, Անի Պետրոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ այլ սիրված դերասաններ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Անդրանիկը: Նա նշեց, որ ինքը մարմնավորել է «քյարթու»-ի կերպար եւ փորձելու է ծաղրել նմանատիպ տղամարդկանց: Դերասանի համոզմամբ` բավական զվարճալի եւ հետաքրքիր զարգացումներով սիթքոմ է սպասվում: Ի դեպ, առաջին սերիան արդեն նկարահանվել է:

Խոսելով իր ներկայիս գործունեության մասին՝ մեր զրուցակիցը ուրախությամբ հայտնեց, որ իրեն է վստահվել հումորային մի ծրագրի շրջանակում հաղորդավարի աշխատանքը: Թե կոնկրետ որ հեռուստաընկերության եթերով այն կհեռարձակվի, Անդրանիկը դեռեւս խուսափեց մանրամասնել, սակայն նշեց, որ ինքը միայնակ է վարելու հաղորդումը. «Ծրագրի շրջանակում կիրականացնենք հայտնիների մանկության երազանքները, որոնք առնչվում են նրանց մասնագիտության ընտրությանը: Եթե, օրինակ, դերասանը երազել է դառնալ օդաչու, մենք մեկ օրվա ընթացքում կատարում ենք դա` տալով նրան ուղղաթիռ վարելու բացառիկ հնարավորություն կամ նման մի բան: Առաջին երկու հաղորդումներն արդեն նկարահանել ենք, եւ ասեմ, որ դրանք բավական զվարճալի են ստացվել: Մեր դերասաններից մեկը, օրինակ, միշտ երազել է դառնալ ջրասույզ, ուստի պատրաստվում ենք ուղեւորվել Սեւան` իրականացնելու նրա ցանկությունը»,-մեկնաբանեց Անդրանիկը:
Բայց սա էլ դեռ ամենը չէ: Դերասանին երկրպագուներն առաջիկայում հնարավորություն կունենան տեսնելու մեծ էկրաններին: Նա պատմեց, որ նկարահանվում է ռուսական արտադրության կինոնախագծում. «Դրա շրջանակում կներկայացվեն, թե ինչպես են անցկացվում հարսանիքները մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ֆիլմի մաս կազմող 20 րոպեանոց մի կտոր կնկարահանվի Դիլիջանում: Այդտեղ ընդգրկված կլինեն մի շարք հայտնի հայ դերասաններ, միայն հարսնացուն է ռուս: Ես մարմանավորելու եմ փեսայի ընկերոջ դերը»,-նշեց Անդրանիկը:
Հավելենք, որ ֆիլմը կցուցադրվի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կինոթատրոններում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ
Ընթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Արդեն թվայնացվել է 1927 կինոնկար: Մեզ մոտ պահվում է 2 հազար 200 կինոնկար: Մնացածն էլ այս մի քանի ամիսներին կավարտենք ու կարող ենք ասել, որ ամբողջ կինոհավաքածուն ունենք էլեկտրոնային տարբերակով»,- նշել է նա: Նշենք, որ Ազգային արխիվում պահվող ամենահին տեսապատկերը 1911 թվականին նկարահանված կաթողիկոս Իզմիրլյանի թաղման տեսանյութն է: Դրանից բացի՝ պահվում է առաջին գեղարվեստական ֆիլմը` 1925 թվականին նկարահանված «Նամուս»-ը, ինչպես նաեւ դրանից հետո նկարահանված ֆիլմերը: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ամեն դեպքում ժապավենները մնալու են:
Արդեն մի քանի տարի է` շարունակվում է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Դրա շնորհիվ տեղեկությունն առավել հասանելի է դառնում:
 

ԼԵՆՈՆԻ ԿԱՏԱՖԱԼԿԸ
Բրիտանական հեղինակավոր Sotheby՚s աճուրդի տունը վաճառքի կհանի 20-րդ դարի հայտնի երաժիշտներից մեկին` Ջոն Լենոնին պատկանած Austin Princess մեքենան: Lenta.ru-ի փոխանցմամբ` 1956 թվականին արտադրված մեքենան նախապես օգտագործվել է սգո արարողությունների համար։ Լենոնը կատաֆալկը գնել է 1971թ. օգոստոսին եւ մի շարք ձեւափոխությունների է ենթարկել այն: Իսկ 1972թ. երաժիշտը մեքենան վաճառել է կինոպրոդյուսեր Ուիլյամ Մաքգոուին: 2008թ-ից մեքենան ցուցադրված է եղել Տեխաս նահանգի Ռոքնռոլային մեքենաների թանգարանում:
Հայտնի է, որ աճուրդը կկայանա սեպտեմբերի 7-ին: Մեքենայի մեկնարկային գնի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

 

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Չորեքշաբթի օրը ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, իր Rolls-Royce-ով ավտովթարի է ենթարկվել Կալաբասասում։ Ջեների մեքենան բախվել է Toyota Prius-ի: Այս մասին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են ավելի ուշ: Daily Mail-ի փոխանցմամբ` 60-ամյա Ջեները, բարեբախտաբար, լուրջ վնասվածք չի ստացել, միայն ձեռքերն են մի փոքր ցավում: Փոխարենը բավական տուժել է 250 հազար դոլար արժեցող նրա Rolls-Royce-ը, որը Քրիսը գնել էր բոլորովին վերջերս:




Լրահոս