ArmLur.am-ին տեղեկություն հասավ այն մասին, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կինը`Վարդանուշ Գրիգորյանը, ով Գյումրու «Անի» մանկապարտեզի երկարամյա տնօրենն էր, դիմում է ներկայացրել պաշտոնից դուրս գալու համար:
Այս առնչությամբ ArmLur.am–ը զրուցեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկին Զոհրաբյան, ճիշտ է այն տեղեկությունը, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Վարդեւան Գրիգորյանի կինը`Վարդանուշ Գրիգորյանը ազատվում է «Անի» մանկապարտեզի տնօրեին պաշտոնից:
-Այո, ճիշտ է այդ տեղեկությունը: Քանի որ մանկապարտեզը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ եւ տարատեսակ շահարկումներից զերծ մնալու համար ճիշտ համարվեց, որ երկարամյա տնօրենը, ով շատ մեծ ավանդ ուներ «Անի» մանկապարտեզի կայացման գործում դիմում գրի պաշտոնից դուրս գալու համար, որպեսզի որեւէ հնարավոր կամ ենթադրյալ ճնշման տարբերակ փորձ չարվի գործադրել մեր թեկնածուի մերձավորների վրա:
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ի թեկնածուն ընտրություններից հետո միավորվելու է ՀՀԿ-ին: Որքանով են ճիշտ նման լուրերը:
-Գիտեք նման խոսակցություններ տարածում են անխտիր բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր հայտ են ներկայացրել Գյումրու քաղաքապետի ՏԻՄ ընտրություններին մասնկացելու համար: Հիմա ես իրենց հակընդդեմ հարց եմ ուղղում, եթե դուք այդքան վստահ եք յուրաքանչյուրդ ձեր թեկնածուի հաղթանակի վրա, ինչու եք ձեր գործերը թողած զբաղված եք ԲՀԿ-ի թեկնածուով, ինչու եք բոլորդ տարբեր կլասի եւ կալիբրի մունետիկներ ուղարկում ԲՀԿ-ի մոտ ` հորդորելով համագործակցել իրենց հետ կամ հանել Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը միայն մեկ դեպքում կմտնի Գյումրու քաղաքապետարան, որպես Գյումրու քաղաքապետ, այլ տարբերակ մեզ համար գոյություն չունի: Ասեմ նաեւ, որ ես համակարգելու եմ ամբողջ աշխատանքը ՏԻՄ ընտրություններում եւ Գյումրու իմ այցերի ժամանակ, գյումրեցիների հետ իմ հանդիպման ժամանակ բնականաբար կներկայացնենք Գյումրիում իրողությունը գործող եւ առաջադրված թեկնածուների վերաբերյալ: Նման ապատեղեկատվական տրյուկները շատ կարճ կյանք ունեն:
Արփինե Թովմասյան