ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՍՏԻՊՈՒՄ ԱՋԱԿՑԵԼ ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ամբողջությամբ մտել են իրենց բնականոն հունի մեջ: Հանրապետականների ճամբարում շարունակվում է պառակտումը, իսկ Թրամփի ու Քլինթոնի միջեւ մրցավազքը նորանոր ելեւէջներ է արձանագրում: Գործարար թեկնածուն արդեն իսկ սկսել է անձնական վիրավորանքների տարափը Քլինթոնի ուղղությամբ, ինչը միանշանակորեն մերժելի է քաղաքական առողջ համակարգի պայմաններում: Եթե ԱՄՆ-ն նոյեմբերին հաջողությամբ կհանձնի քաղաքական համակարգի առողջության քննությունը, ապա Հայաստանը այդ հարցում վաղուց է պարտված:

Թրամփ-Քլինթոն պայքարին զուգահեռ Միացյալ Նահանգներում շարունակվում է ներհանրապետական պայքարը: Կուսակցության ներսում Թրամփը այդպես էլ չի կարողանում միանշանակորեն միավորիչ գործոն դառնալ: Հայտնի ու ծանրակշիռ հանրապետականները շարունակում են մերժել Թրամփի թեկնածությունը` միաժամանակ ձեռնպահ մնալով Քլինթոնին աջակցելու հարցում: Նման գործիչներից է նախագահության նախկին թեկնածուներից հանրապետական նահանգապետ Ջոն Քյեսիքը, որը օրերս բացահայտեց, որ գործարար Թրամփը տարբեր միջնորդների միջոցով իրեն առաջարկել է լինել ԱՄՆ պատմության մեջ ամենահզոր փոխնախագահը: Թրամփն ակնարկել է, որ պետության հիմնական գործերը վստահվելու էին Քյեսիքին: Վերջինս, սակայն, պնդում է, որ հրաժարվել է նման առաջարկից` նախընտրելով մնալ Օհայոյի նահանգապետ` համարելով այն նախագահից հետո լավագույն պաշտոնը երկրում: Քեյսիքը նկատում էր, որ միեւնույն ժամանակ ի վիճակի չէ սատարել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քլինթոնին, քանզի մրցակից ճամբարի օգտին ինքը երբեւէ հանդես չի եկել եւ չի էլ պատրաստվում փոխել դիրքորոշումը: Միաժամանակ ԱՄՆ քաղաքական շրջանակներում լրջագույն հարգանք վայելելով՝ նահանգապետը հրաժարվում է Թրամփին աջակցելու գաղափարից` անորոշ թողնելով, թե ում օգտին է քվեարկելու նոյեմբերին կայանալիք ընտրության ժամանակ:
Ի հեճուկս Քեյսիքի մոտեցման՝ Թրամփին արդեն լիովին աջակցում է Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը: Սակայն ավելի ուշագրավ է, որ Թրամփին սատարելու հարցում «կռիվ է ընկել» նաեւ Բուշերի ընտանիքում: Հայտնի է, որ Բուշերի ընտանիքը միահամուռ կերպով բոյկոտեց Հանրապետական քլիվլենդյան մեծ համաժողովը: Բուշերը նաեւ բավականին ջերմ հարաբերություններ ունեն Հիլարի Քլինթոնի հետ, եւ կարծես բնական է, որ նախկին նախագահական ընտանիքը պիտի ձեռնպահ մնա Հիլարիի դեմ գործելուց: Սակայն նախագահի նախկին թեկնածու Ջեբ Բուշի որդին` Ջորջը, հայտարարել է Թրամփի շուրջ հանրապետականների համախմբումն ապահովելու անհրաժեշտության մասին: Թեեւ Թրամփը ամբողջ ընտրարշավի ժամանակ ծաղրեց թե՛ նրա հորը, թե՛ հորեղբորը, կրտսեր Ջորջը քաղաքականությունը վեր է դասում անձնական հարցերից: Բավականին հետաքրքիր է, որ նախագահական այս դինաստիայում, որը ունի հզորագույն կապեր ողջ ամերիկյան ֆինանսական, կորպորատիվ ու քաղաքական համակարգում, նման բաժանվածություն գոյություն ունի, եւ կարող է ինչ-որ իմաստով ազդել ընտրությունների ընթացքի վրա:
Իսկ, ահա, բուն նախագահական պայքարում Թրամփը արդեն իսկ բացահայտեց իր մարտավարությունը` Քլինթոնի նկատմամբ հանդես գալով անձնական հարձակումների հեղեղով` կարծելով, որ նախնական հարցումներում ետնապահի իր կարգավիճակը կկարողանա փոխել այդ ճանապարհով: Հատկանշական է, որ անձնական մեղադրանքների դաշտում Թրամփը մեկ անգամ արդեն հաջողության հասել է` հերթով շարքից հանելով հանրապետական մրցակիցներին եւ, ահա, հիմա կրկին նույն տարբերակն է ընտրել: Նա Քլինթոնին անվանել է մտավոր իմաստով անհավասարակշիռ անձնավորություն, որը ԱՄՆ-ն քանդելու է ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից: Նկատենք, որ ոչ պաշտոնական շրջանակներում այսպիսի կարծիք է ձեւավորվել հենց Թրամփի մասին: Քլինթոնին անվանարկելով որպես անկայուն եւ ոչ կոմպետենտ գործիչ` Թրամփը փաստորեն կանգ չի առնում անձնական վիրավորանքների որեւէ սահմանագծին: Իրականում Քլինթոնը որքան էլ կուլիսային կապերի մեջ է ֆինանսական-կորպորատիվ շրջանակների հետ, միեւնույն է, նա ունի քաղաքական հստակ դիրքորոշում եւ, ամենակարեւորը, փորձ:
Այսպիսի մի իրավիճակ կարծես առաջացավ նաեւ 2013թ. հայաստանյան նախագահական ընտրություններում: Մի կողմում Սերժ Սարգսյանն էր, որ հանդես էր գալիս իբրեւ կոռուպցիոն բուրգի գագաթը, մյուս դիրքում Րաֆֆի Հովհաննիսյանը` քաղաքականապես թույլ, որեւէ հարցում հստակ դիրքորոշում չունեցող, կարգախոսային ու հռչակագրային մակարդակով պետական կառավարման համակարգը պատկերացնող գործիչ: Թեեւ մեզ մոտ հասարակության զգալի մասը ընտրեց Ր. Հովհաննիսյանին` ամեն կերպ Սերժ Սարգսյանից ազատվելու ձգտումով, սակայն բնական էր, որ վատի ու վատթարագույնի մեջ այդ ընտրությունը նորմալ պայմաններում կլիներ Սարգսյանի օգտին, եթե վերջինս երկիրն այսքան ծանր վիճակի հասցրած չլիներ, իհարկե: ԱՄՆ-ում, սակայն, նախագահի անձից շատ բան կախված լինելով հանդերձ, պետությունը կառավարվում է համակարգի միջոցով, եւ Օբամայի նախագահության շրջանում կենսամակարդակի աճը թույլ է տալիս պնդել, որ լայն ժողովրդականություն չվայելող Քլինթոնն ավելի մեծ շանսեր ունի նախագահ դառնալու` հաշվի առնելով նրա փորձառությունն ու դրան հակառակ Թրամփի քաղաքականապես սնանկ տեքստերը: Ըստ այդմ, քաղաքական առողջ համակարգի պարագայում Թրամփի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի նման գործիչը իշխանության բարձունքին հասնելու գործնական հնարավորություն չի ունենա: Սակայն Հայաստանում փտած ու ճահճացած համակարգում ժողովրդահաճ կարգախոսներով եւ լուծման իրական մեխանիզմներ չառաջարկողներն են պահանջարկ վայելում: Անշուշտ, անժխտելի է, որ քաղաքական համակարգը փչացնող կոռումպացված գորիծչներն են հասարակությանը ստիպում աջակցել անփորձ պոպուլիստներին, եւ դրանում իրենց մեղքի բաժինն ունեն ինչպես Սարգսյանը Հայաստանում, այնպես էլ Քլինթոնը` ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, եթե Հայաստանում իշխանությունը վայրկյան իսկ կանգ չի առնում՝ այդ խոտոր ընթացքը խորացնելու համար, ապա ԱՄՆ-ում նոյեմբերին կհազմովենք, թե որքանով է Քլինթոնին հաջողվում ապահովել հասարակության առողջացումը նման ախտերից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՆԱՄԱԿ ՊԱՎԼԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ
«Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը, ով հիմա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նամակ է հղել ՀՀ իշխանավորներին:
«Հայաստանի Հանրապետության իշխանավորներին:
Դիմում եմ ձեզ՝ որպես բանիմաց ու պետականությամբ մտահոգ մարդկանց, քանզի տարիներ շարունակ դուք ձեզ հենց այդպիսին եք ներկայացրել: Եթե այդպես է, ուրեմն մեր պայքարի նպատակը նույնն է. կերտել Հային վայել Հայոց պետություն: Սակայն այդ ճանապարհին մեզ խոչընդոտում է հայաստանյան դրածո իշխանությունը, որն իր նյութեղեն կարիքները բավարարելու համար հանդգնում է արդեն վաճառասեղանին դնել մեր արյամբ ձեռք բերված հողերը:
Դուք, որ պատգամավոր եք կամ նախարար, դատավոր եք կամ դատախազ, մարզպետ եք կամ դեսպան, երբեւէ մտածե՞լ եք, որ արցախյան հողերը հանձնելուց հետո մի օր էլ ձեր աթոռի տակի հողն են հանձնելու: Մի՞թե դուք հավատում եք, որ փոխզիջում է լինելու, եւ ոչ թե զիջում, ու ազատագրված տարածքները հանձնելուց հետո ինչ-որ ուժեր ապահովելու են մեր հայրենակիցների անվտանգությունը: Մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում մեր ժողովրդի դառը պատմությունը՝ Կարսը, Շահումյանը, եւ մի՞թե դասեր չեք քաղել անցյալի սխալներից:
Գոնե գիտակցո՞ւմ եք, թե հողերը հանձնելուց հետո որքան է երկարելու Ղարաբաղի սահմանը, եւ որ այդքան խեղճ ու կրակ ընտանիքների երեխաներ չկան, որ սահման պահեն, ու թշնամին կարող է հասնել տաքուկ անկյուններում պատսպարված ձեր երեխաներին: Լավ, դրանից հետո ո՞նց եք նախկինի պես փառաբանելու հայոց բանակը եւ հոտնկայս խմելու այդ հողերը հանձնողի կենացը:
Հասկացե՛ք, ո՛չ Քյոնիքսբերգը, ո՛չ Դանցիգը, ո՛չ էլ Ստրասբուրգը այլեւս հնարավոր չէ պատկերացնել Գերմանիայի կազմում, ո՛չ էլ Լվովը կամ Բրեստը՝ Լեհաստանի: Դրանք բոլորն էլ պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքներ են: Մենք էլ, որպես պատերազմում հաղթանակած երկիր, վերականգնել ենք պատմական արդարությունը:
Դուք մեզ քարկոծում եք իշխանության դեմ դուրս գալու համար՝ առանց գիտակցելու, որ դա պայքար է վասն հայրենյաց, եւ եթե դուք մասն եք կազմում այս ժողովրդի, ուրեմն նաեւ՝ հանուն ձեզ ու ձեր երեխաների ապագայի: Դուք, որ քաջալերում եք մեզ վրա կրակողներին ու մեզ բանտարկողներին եւ կարծում եք, որ ենիչերիների հրոսակախմբի սվիններով ու պետական ահաբեկչությամբ կարելի է պահել այս անմեղսունակների համակարգը, չարաչար սխալվում եք, որովհետեւ չեք հասկանում, որ մենք ոգեղեն ենք, իսկ խաչվածին մահ չկա, եւ վաղը Սասնա Ծուռ է դառնալու ողջ ազգը: Դուք, որ սահմանադրություններ ու օրենքներ եք գրում ու փոխում, մեզնից լավ գիտեք, որ Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը լոկ իրավաբանական հասկացություններ չեն. դրանց մեջ ներառվում են մարդ, տուն, ընտանիք, ցեղ, երկիր, պատիվ, արժանապատվություն, հավատ, հավատամք, երազանք ու էլի շատ արժեքավոր բաներ: Մի՛ ոչնչացրեք այդ արժեքները:
Եթե դուք ձեզ հայ եք համարում, լսեք մեր զոհված քաջորդիների հոգիների խռովքը, ըմբոստացեք նրանց արյունը վաճառողների դեմ՝ թեկուզ հանուն ձեր երեխաների հայ մնալու գաղափարի: Ուշքի՛ եկեք, սթափվե՛ք, վաղն ուշ է լինելու. դուք կա՛մ ընդվզում եք երկիր հայրենին ուրացողի դեմ, պահանջում եք նրա հրաժարականը եւ մնում եք հայ, կա՛մ ուրանում եք ազգը, ընկնում եք ձեր հովանավորի ոտքերը եւ վայելում կերակրատաշտից ձեզ բաժին հասած թերմացքը: Գուցեւ երբեւէ մեր ժողովուրդը ձեզ ների իրեն թալանելու եւ նվաստացնելու համար, բայց տարածքները հանձնելը չի ներվելու:
Պ. Մանուկյան «Սասնա ծուռ» 07.08.2016թ.
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

 

 

 
ՄՈՒՂՆԵՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԷՑ-Ի ԴԵՄ

Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի մեծ թվով բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք հավաքվել են Աշտարակի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի «Աշտարակ» էլեկտրացանցի դիմաց:

Բողոքող բնակիչների պատմելով՝ իրենք ավելի քան 1 տարի է, ինչ էլեկտրաէներգիայի տատանումների եւ անջատումների պատճառով վնասներ են կրում, մասնավորապես՝ փչանում է իրենց կենցաղային տեխնիկան: Բնակիչների ներկայացմամբ՝ նախկինում էլեկտրաէներգիան սնուցվել է «Աշտարակ 3-րդ» ուղղությունից, սակայն այն բանից հետո, ինչ սկսվել է սնուցումը «Աշտարակ 4-րդ» գծից, իրենք պարբերաբար խնդիրների առաջ են կանգնել: Նրանց պատմելով՝ էլէներգիայի անջատումները ամեն օր են լինում, եւ հիմա նրանք պահանջում են, որ իրենք օգտվեն նախկին՝ «Աշտարակ 3-րդ» ուղղությունից:
Ի դեպ, բողոքողների մեջ կան այնպիսի բնակիչներ, որոնց սառնարանները, համակարգիչները եւ այլ կենցաղային տեխնիկան փչացել է: Ըստ Մուղնի թաղամասի բնակիչների՝ այս ամենի արդյունքում մեծ վնասներ են կրել նաեւ խանութներ ունեցող առեւտրականները: Էլէներգիայի հաճախակի անջատումների հետեւանքով սառնարաններում առկա սննդատեսակները փչացել են եւ դարձել են վաճառքի համար ոչ պիտանի: Խանութների տերերը նշում են, որ փչացած ապրանքն իրենք չեն կարող հետ վերադարձնել, արդյունքում՝ կորուստները իրենք են կրում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, որտեղից վստահեցրին, որ խնդիրն ուսումնասիրվում է, եւ արդյունքների մասին առաջիկայում ընկերությունը կհրապարակի: ՀԷՑ մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտարարեց նաեւ, որ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում նշված թաղամասում 2 պլանային եւ 2 վթարային անջատում է եղել: Իսկ կենցաղային տեխնիկայի փչանալու մասին բողոքներ ընկերությունը այս ընթացքում չի ստացել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս