«ԸՆԿԵՐՆԵՐՍ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԵՆ, ՈՒ ԵՍ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ԱՐԵԼ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց միջոցով մենք կծանոթանանք արդեն ճանաչված մարդկանց բնավորությունների` քչերին ծանոթ գծերին, կբացահայտենք նրանց կյանքի հետաքրքիր, երբեմն անհայտ դրվագներ, կիմանանք նրանց ձեռքբերումների ու բացթողումների, նպատակների ու նվիրական երազանքների մասին: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Նարեկ Բավեյանն է, ով խաղում է նաեւ «Դոմինո» սիթքոմում:

-Նարե՛կ, Ձեր կյանքն այժմ ի՞նչ գույնի մեջ եք տեսնում:
-Կանաչ:
-Իր, որն ամբողջ օրը ուղեկցում է Ձեզ:
-Բջջային հեռախոսը:
-Ձեր ամենասիրելի տոնը:
-Հիմա արդեն` որդուս ծննդյան օրը (նա լույս աշխարհ է եկել երկու ամիս առաջ-հեղ.):
-«Հանդիպում» քաղաքի հետ, որը հնարավոր չէ մոռանալ:
-Վիեննայի հետ հանդիպումը, որը շատ է տպավորվել: Շատ սիրեցի այդ քաղաքը:
-Ձեր դիտած վերջին ներկայացումը:
-Ճիշտն ասած, թատրոնում վաղուց չեմ եղել: Չեմ մտաբերում այս պահին:
-Եթե մշակույթի ոլորտում բարեփոխումներ անելու շանս ունենայիք, որտեղի՞ց կսկսեիք:
-Երգարվեստից: Նախ` ասեմ, որ ոչ մի բան չէի արգելի, ստալինյան ռեժիմ չէի մտցնի, ով ինչ ուզենար, թող երգեր, բայց կհստակեցնեի` ինչը եթեր հեռարձակել, ինչը` ոչ, ինչը պրոպագանդել, ինչը` ոչ: Ու դա կանդրադառնար նաեւ ինձ վրա. իմ որոշ երգեր էլ կարգելվեր եթերում հնչեցնել (ծիծաղում է):
-Կարիերայում հանդիպած ամենամեծ խոչընդոտը:
-Ինձ համար հատկապես դժվար է մասնակցել ցանկացած մրցույթի: Ես մրցութային երգիչ չեմ, ուստի դժվար է եղել նախ պատանեկան տարիքում մասնակցել «Դո-ռե-մի» մրցույթին, ապա ավելի հասուն տարիքում` «Ընծա»-ին: Դա ես արել եմ ինքս ինձ ստիպելով ու, այսպես ասած, կաշվից դուրս գալով: Հետո հասկացա, որ ատում եմ մրցույթները:
-Ձեր կատարած խենթ մի քայլ, որը մինչ օրս հիշում եք…
-Կա, բայց չեմ ասի, շատ անձնական է (ծիծաղում է):
-Ինքներդ Ձեզ ո՞ր դեպքում եք սաստում:
-Երբ անհիմն նեղացնում եմ մարդկանց: Երբեմն պահի տակ շատ եմ բորբոքվում, էմոցիաներին տրվում եւ գուցե անգիտակցաբար վիրավորում եմ ինչ-որ մեկին: Դրանից ես ինձ շատ վատ եմ զգում: Իսկ եթե հիմք կա, դա ուրիշ բան…
-Ի՞նչ եք անում, երբ դիմացինը փորձում է Ձեզ շահագործել:
-Ես թույլ չեմ տալիս դա ու շատ կտրուկ, ուղիղ ձեւով ասում եմ, որ նրա այդ մտադրությունը հասկացել եմ, հետո արդեն հրաժեշտ եմ տալիս նրան:
-Ձեզ չեք տիրապետում, երբ…
-Շատ դժվար է ինձ հունից հանել, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեսնեմ, որ իմ սիրելի մարդկանց վիրավորում են: Ի դեպ, եթե ինձ են նեղացնում, կարող եմ շատ երկար համբերել ու հանդուրժել, բայց սիրելիների պարագայում` ոչ:
-Հիասթափություն, որից հետեւություններ եք արել:
-Ես ունեցել եմ ընկերներ, որոնք որոշ իրավիճակներում դավաճանել են, ընկերավարի չեն պահել իրենց, ու ես համապատասխան հետեւություններ եմ արել: Նման դեպքերում ես այդ մարդկանց պարզապես հեռացնում եմ իմ կյանքից, «ախտահանում» եմ կատարում:
-Մարդը պետք է անի ամեն ինչ, որպեսզի չհայտնվի…
-Ամոթալի, խայտառակ իրավիճակներում:
-Կինը սեքսուալ է, երբ…
-Երբ խելացի է, խնամված, իսկ ամենակարեւորը` երբ սիրում է:
-Անձնական կյանքում ի՞նչ չեք հանդուրժի:
-Շատ դժվար է պատասխանել այդ հարցին, չես իմանա` տվյալ պահին ինչը կհանդուրժես եւ ինչը` ոչ:
-Շատ կափսոսեք, եթե չհասցնեք…
-Գոնե մի երեխա էլ ունենալ:
-Ձեր երազած ընտանիքը կարողացա՞ք ստեղծել:
-Այո՛, դեռ լիարժեք չի ընտանիքս, այնտեղ պակաս մարդ կա, ինչպես նշեցի (ծիծաղում է), բայց այո, ես հիմա այդ առումով գոհ եմ, ինձ բավարարված եմ զգում:

 

 

 

 
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով վերջին շրջանում նկարահանվում էր «Խոպանի տեսություն» սիթքոմում, նոր գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկ է ստացել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ կինոնկարը բաղկացած է երեք պատմություններից, որոնք ներկայացնում են տարբեր ժանրեր` տրագիկոմեդիա, տրագեդիա եւ կոմեդիա. ինքը հանդես է եկել կոմեդիայի ժանրում:

Իվետան համագործակցության առաջարկ ունի նաեւ Գոռ Վարդանյանի կողմից ու թեեւ նոր առաջարկների պակաս եւս չունի, նա, այնուամենայնիվ, մեր երկրում իր գործունեությունը հեռանկարային չի համարում. «Ես Հայաստանում ապագա չեմ տեսնում: Աշխատելով բավական խիտ գրաֆիկով` դերասանը, միեւնույն է, չի ստանում այն չափի հոնորար, որ, օրինակ, լիարժեք վայելի իր հանգստյան օրերը: Այնինչ՝ հասկանում ես, որ տարիները թռչում են, իսկ դու ուզում ես հասցնել վայելել կյանքը, բացի այդ` արդեն սկսում ես մտածել երեխայիդ ապագայի մասին: Երբ տեսնում ես, թե քո շրջապատում մարդիկ ինչ դժվարությամբ են գումար վաստակում եւ համեմատում ես այստեղի ապրելակերպը ամերիկյանի հետ, հասկանում ես, որ մեր երկրում ոչ ոք ըստ արժանվույն չի գնահատվում եւ ոչ ոք իր տեղում չէ: Ես ճանաչում եմ շատ տաղանդավոր հայաստանցի դերասանների, որոնք պետք է հիմա «վերեւներում» լինեին: Այնինչ, դա այդպես չէ: Տեսեք, թե դրսում ինչ վերաբերմունք ունի հանրությունը շնորհալի արտիստի նկատմամբ, իսկ մեզ մոտ նա, ինչպես հարկն է, գնահատված չէ»,-մեկնաբանեց Իվետան:
Նա, ինչպես հայտնի է, հանդես է գալիս նաեւ որպես երգչուհի, բայց իրեն ավելի շատ համարում է դերասանուհի եւ երբ երկար ժամանակ չի նկարահանվում, կարոտում է այդ գործընթացը: Նաեւ այդ է պատճառը, որ Իվետան համաձայնում է թեկուզ ոչ բարձր հոնորարի դիմաց հանդես գալ տարբեր նախագծերում: Բայց, չնայած որ նա տարիներ առաջ հայրենիք էր վերադարձել կարոտից, ապագայի իր ծրագրերը կապում է ԱՄՆ-ի հետ. «Թերեւս մի քանի տարի անց կմեկնեմ Միացյալ Նահանգներ` մշտական բնակության: Աստված տա, մեր երկրի վիճակն այնքան լավ լինի, որ մտափոխվեմ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ԴՈՒԵՏՈՎ
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն 13-ամյա Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նրանք ելույթ կունենան դուետով:
«Շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը իմ ամենասիրելի մրցույթում: Իսկապես մեծ հույսեր ունեմ, որ կներկայանանք լավագույնս»,- նշել է Անահիտը:
«Շատ եմ երազել եւ պատկերացրել, թե ինչպես եմ մի օր կանգնելու եվրատեսիլյան բեմում եւ երգելու: Դա իսկական հրաշք է, այդ օրը շատ մոտ է: Մենք ամեն ինչ կանենք, որ վառ ու գունեղ ելույթ ունենանք»,- իր հերթին խոստացել է Մերին:
Նշենք, որ մրցութային երգը կներկայացվի վաղ աշնանը:
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին, Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը: Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական հեռարձակողն է:
 

ՕԲԱՄԱՆ ՈՒ ՌԵՓԸ
Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրության շրջանում աչքի է ընկնում իր ազատ, անկաշկանդ, երբեմն էլ` էքսցենտրիկ պահվածքով, նորություն չէ: Համացանցում հայտնվել է հերթական տեսագրությունը, որը նշվածի ապացույցն է: Հոլովակում երեւում է, թե ինչպես է Օբաման գլուխն օրորում ռեփեր Էմինեմի Lose Youself թրեքի ներքո: Տեսահոլովակը հրապարակվել է Հիլարի Քլինթոնի պաշտոնական YouTube-ալիքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում ճառ արտասանելուց առաջ Օբամային նկատել են սմարթֆոնով «Ութերորդ մղոնը» կինոֆիլմի սաունդթրեքն ունկնդրելիս: Նախագահը ռեփի ներքո ճոճվել է` իր շվարած օգնականի հետ միասին:

 

 

ԵՌԱԿԻ ՄԱՅՐԻԿ Է
«Նինձյա կրիաների» աստղ, ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը լույս աշխարհ է բերել երրորդ երեխային: Նա եւ ամուսինը` Բրայան Օսթին Գրինը, արդեն երեք որդի ունեն` Նոան, Բոդին եւ Ջորնի Ռիվերը: Վերջինս ծնվել է օգոստոսի 4-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ: E! News-ի փոխանցմամբ` մայրն ու նորածինն արդեն դուրս են գրվել ծննդատնից եւ գտնվում են տանը:




Լրահոս