Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Առաջիկայում նաև նախագիծը կլինի:
«Այս տարվա փետրվարին քաղաքական ուժերի առաջին հանդիպմանը մեր կուսակցությունն իր կարծիքն արտահայտեց, և մինչ այսօր այդ կարծիքը չի փոխվել: Մենք ընդհանրապես դեմ ենք այդ փոփոխություններին»,- ասաց նա:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ կառավարման արդյունավետությունը սահմանադրության հետ կապված չէ:
«Մենք գտնում ենք, որ նման թերզարգացած ժողովրդավարություններում սովորաբար սահմանադրություններ փոխում են իշխանության վերարտադրության համար: Մեր ամբողջ մտահոգությունը հենց դա է, որ այս փոփոխությունները կատարվում են իշխանության վերարտադրության համար»,- եզրափակեց Հայկ Խանումյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին հանդիպել էր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ, քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր, որից հետո հավանություն էր տվել ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։
Լիդա Եղիազարյան