Լևոն Մկրտչյանը հանդիպել է Բժշկական համալսարանի մագիստրատուրայի անբավարար ստացած ուսանողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Լյովա Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողները տեղեկացրել են, որ իրենց կուրսի 400 ուսանողից մոտավորապես 150-ն անբավարար գնահատականներ է ստացել:

Նախարարին դիմած ուսանողները, ներկայացնելով իրենց պահանջները,  խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու և կրկին քննություն նշանակվելու հարցում:

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակում է պետական ավարտական քննության վերահանձնումը, միաժամանակ մտահոգություն հայտնելով անբավարար գնահատականներ ստացած ուսանողների տոկոսային հարաբերության վերաբերյալ` ընդգծել է առաջիկայում խնդրի լուծման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Այս խնդիրը կարգավորելու նպատակով ուսանողներից շատերը դեռևս հուլիսին դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` ակնկալելով կուսակցության աջակցությունը:




Լրահոս