Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Երևանում քննարկել են ռազմական համագործակցության հետ կապված հարցեր: ՀՀ ՊՆ վարչական համալիրում Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Դուք գիտեք, որ օգոստոսի 16­-ին մենք հանդիպել ենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որն անցել է Հայաստանի համանախագահության ներքո: Այսօր մենք պաշտպանության նախարարությունում ընդլայնված կազմով դեմ առ դեմ զրույց ենք ունեցել: Մենք փոխանակվել ենք մտքերով տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ: Հատկապես ուշադրություն ենք դարձրել մեր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին:

Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է, և նման այցերը հատուկ նշանակություն ունեն համատեղ ծրագրված միջոցառումների շարքը իրականացնելու համար»,­- նշեց Օհանյանը: Նախարարներն ուշադրություն են հատկացրել նաև 2016թ. համար նախատեսված ծրագրերի իրականացմանը: «2016թ. մեզ համար շատ լարված է՝ լի տարբեր միջոցառումներով:

Կարծում եմ, որ համատեղ մարտական օպերատիվ պատրաստվածությունը, փորձի փոխանակումը, համագործակցությունը տարբեր ուղղություններով, բոլոր հարցերի վերաբերյալ փոխհասկացվածությունը հանգեցնում են նրան, որ մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է և դինամիկ զարգանում է: Միանշանակ, Բելառուսի պաշտպանության նախարարի այցը իմպուլս կհաղորդի մեր հարաբերություններին»,-­ եզրափակեց Սեյրան Օհանյանը:




Լրահոս