Իջևանում 50-ամյա տղամարդ է սպանվել. հայտարարվել է հետախուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վաչագան Ակինյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Հայտարարվել է հետախուզում:

2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում 2016թ.օգոստոսի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել Իջևան քաղաքի 1987թ.ծնված բնակիչը:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել են Վ.Ակինյանի հագուստները:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ 29-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում: Որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս