«Շնայդեր էլեկտրիկ» ընկերությունը իր տեխնոլոգիական արտադրությունը նախատեսում է տեղափոխել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործող ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յոհան Վանդերպլաետսենը նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ: «Շնայդեր էլեկտրիկ»-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահը շեշտել է, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր:




Լրահոս