Ինչպես գիտենք, այս տարվա հունիսի 1-ին կալանավորվել է Ավան համայնքի բնակիչ Ներսես Պողոսյանը: Նա մեղադրվում է մայիսի 20-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ներսես Պողոսյանի կինը` Լիա Պողոսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ գործով քննիչն իրենց պատմել է որ Ներսեսն ազատ չի արձակվի, քանի որ ազատության մեջ կարող է ճնշում գործադրել մյուսների վրա:
Կինը պատմեց նաև, որ առերեսման ժամանակ իր ամուսինը թքել է գործով մյուս կալանավոր Հովհաննես Պողոսյանի վրա:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը ցուցմունք է տվել Ներսեսի դեմ:
Կից ներկայացնում ենք Լիա Պողոսյանի հայտարարությունը. «Մայիսի 31-ի լուսադեմին` ժամը 6.30 րոպե մեր դուռը ծեծեցին: Դժվարությամբ արթնանալով` բացեցինք դուռը և ինչ տեսնենք. առավոտյան այդ վաղ ժամին մեր սեփական տան փոքրիկ բակն էին լցվել մոտ 15 հոգի, որոնցից մի քանիսը դիմակներով էին: Ներկայացրեցին դատարանի կողմից տրված խուզարկության թույլտվությունն ու սկսեցին մեր տունը քրքրել` զենք և ռազմամթերք փնտրելով: Ամեն տեղ նայեցին, նույնիսկ երեխաների դոշակների տակ (ի դեպ երեխաներն այդ ժամանակ իրենց անկողիններում քնած էին):
Ոչինչ չգտնելով` սուրճ խմեցին և ամուսնուս` Ներսես Պողոսյանին, հրավիրեցին Քննչական կոմիտե` ցուցմունք տալու, որ իր տնից ոչինչ չի հայտնաբերվել: «Հրավիրել» բառը մի քիչ մեղմ եմ ասում, որովհետև դիմակավորներն ասեցին` «եթե չգաս, քեզ բերման կենթարկենք»: Քննիչներից մեկը սկեսուրիս ասաց. «Մի´ մտածի, մայրի´կ ջան, խոսք եմ տալիս տղեդ 2 ժամից տանը կլինի, գալիսա մի-երկու թուղթ ստորագրի-հետ գա»: Դե, մենք բոլորս էլ գիտենք, ինչ արժեն նման կատեգորիայի մարդկանց տված խոստումները: Ինչևէ, չուզենալով վատառողջ մոր և 3 անչափահաս երեխաների ներկայությամբ քաշքշուկ հրահրել և «բերման ենթարկվել»` ամուսինս ինքնակամ գնաց Քննչական Կոմիտե: Դա վերջին օրն էր, երբ ես ու որդիներս տեսել ենք իրեն… Արդեն 3 ամիս ես ստիպված եմ ամեն րոպե խաբել իմ երեխաներին:
Ու եթե «Ուրա՞ պապաս» հարցին ինչ-որ սուտ կարողանում եմ հորինել, հաջորդ` «Բա երբա՞ պապաս գալու» հարցին էլ պատասխան չունեմ, որովհետև չգիտեմ` ինչի՞ են տարել Ներսեսին, ինչի՞ անկարող եմ ինչ-որ պատասխան արտաբերել: Ծանոթ-բարեկամների «Ինչի՞ են կալանքի տակ պահում» են արդեն 3-րդ ամիսը (որից համարյա 2 ամիսների ընթացքում անհասկանալի պատճառով արգելանք էր դրված նրա` տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ կապի վրա ) պահում կալանքի տակ ևս պատասխան չունեմ: 2008թ.-ից սկսած Ներսեսն ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական կամքի դրսևորման տարբեր ակցիաների և նախաձեռնությունների, շրջապատում հայտնի է իր հայրենասիրությամբ և ազգանվերությամբ: Ներսեսն այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգապահ, կազմակերպված, բարեկիրթ քաղաքացի, ով ոչ մի ջանք չի խնայել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, արդարադատության իրականացման համար:
Եվ հիմա, արդեն 3 ամիս է, իմ ամուսինը կալանավորված է ինչ-որ անհիմն և շինծու մեղադրանքի հիման վրա: Նա մեկն է այն 8 անձանցից, որոնց Ժիրայր Սեֆիլյանի հետ մեկտեղ, մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և իրացնելու մեջ: Ամուսինս մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է որևէ ցուցմունք տալ: Նշեմ, որ Ներսեսն անձամբ Ժիրայր Սեֆիլյանի հետ ծանոթ չի եղել, որևէ շփումներ չէր կարող ունենալ նրա հետ: Ուղղակի, լինելով իր հայրենիքի և ազգի ճակատագրով մտահոգված քաղաքացի, սահմանում կռված զինվոր` մասնակցել է «Հիմնադիր Խորհրդարանի» կողմից կազմակերպած հանրահավաքներին:
Հունիսի 1-ի` երեխաների պաշտպանության օրվա նախաշեմին իմ 3 անչափահաս որդիները զրկվեցին իրենց հորից: Դատարանը, կալանքի մասին որոշումն ընդունելիս, հաշվի չառավ ո՛չ մեղադրանքը հիմնավորող փաստերի բացակայությունը, ո՛չ այն, որ Ներսեսը հանդիսանում է 5 հոգանոց ընտանիքի միակ կերակրողը և նրա խնամքի տակ են գտնվում 3 անչափահաս երեխաները, ո՛չ Ներսեսի դրական բնութագրերը… Օգոստոսի 22-ին ժամը 14-ին Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: